ԷկոԼուր
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխան է ուղարկել «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործի Բնապահպանական հանրային դատարանի վճռի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրի նախաձեռնությամբ անցկացված Բնապահպանական հանրային դատարանը փետրվարի 5-ին վճիռ կայացրեց, որով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը ճանաչեց որպես բնապահպանական հանցագործություն: Կայացրած թիվ ԲՀԴ 001/19 վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանը թիվ 5/5/2358-19 նամակով հայտնել է.
«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 12.02.2019 թ. թիվ ԻԶ/002 գրությամբ տրամադրված նյութերի՝ «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» հայտնում եմ, որ դրանցում բարձրացված հարցերի առնչությամբ դեռևս 27.12.2013 թ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27124313 քրեական գործը:
ՀՀ գլխավոր դատախազը նշված քրեական գործը 27.12.2018 թ-ին ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ՝ դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով:
Նշված քրեական գործով տեղեկատվություն չենք կարող տրամադրել, հաշվի առնելով, որ դրանք կարող են պարունակել հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարին /որպես լիազոր մարմին/ «Արարատյան արտեզյան ավազանի» ապօրինի ջրօգտագործման թույլտվությունները կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու գործընթացը նախաձեռնելու և այդ ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու համար:
Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր 12.02.2019թ. թիվ ԻԶ/002 գրությամբ տրամադրված նյութերը ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին /որպես լիազոր մարմիններ/՝ դրանցում նշված հանգամանքները քննարկելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:
Մարտ 12, 2019 at 17:51