Կարճևանցիները նամակով դիմել են Բնապահպանության նախարարությանը՝ իրենց այգիներն աղտոտող ջուրը փորձաքննության ենթարկելու պահանջով

Կարճևանցիները նամակով դիմել են Բնապահպանության նախարարությանը՝ իրենց այգիներն աղտոտող ջուրը փորձաքննության ենթարկելու պահանջով

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի բնակիչները նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պահանջով մասնագետ ուղարկել համայնք՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքից դեպի կարճևանցիների այգիներ հոսող ջրից նմուշառում վերցնելու և այն փորձաքննության ենթարկելու համար: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց Կարճևան համայնքի բնակիչ Սիմոն Խաչիկյանը:

Նախարարին ուղղված նամակում մասնավորապես գրված է.

«Պարոն Գրիգորյան, խնդրում ենք Ձեր նախարարության միջամտությունը, որպես վերահսկող մարմին, համապատասխան մասնագետ ուղարկելու, հարցին վերջնական ու հիմնավոր լուծում տալու համար»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին կարճևանցիների բողոքի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի նկատմամբ և պարզել, որ ընկերության հանքայինտարածքներից դուրս են գալիս գրունտային ջրեր, պոմպերի միջոցով կատարվում է ջրահեռացում բետոնե ջրատարով, այնուհետև պլաստմասե խողովակաշարով:Պլաստմասե խողովակաշարից անցք է բացվել, որպեսզի համայնքի բնակիչները ոռոգեն իրենց հողամասերը: Սակայն նշված բնակիչների հողամասերը ողովել ենհանքային գրունտային ջրերով, ինչը խոչընդոտ է հանդիսանում հողի նպատակային օգտագործմանը: Հիմք ընդունելով Ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածը`տեսչական մարմինը Ագարակի կոմբինատից պահանջել էր վնաս հասցնող գործունեության անհապաղ դադարեցում՝ մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգովխնդրի վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուգանքների մասին:

Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին Կարճևանի բնակիչները, Տեսչական մարմնի պահանջը կատարվել է մի քանի օր: Ապրիլի 4-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցը բնակիչների զանգի հիման վրա եկել է, նկարել կոմբինատից դուրս թափվող ջուրն ու խոստացել խոսել կոմբինատի տնօրինության հետ՝ ջրի հոսքը դադարեցնելու պահանջով:

«Հիմա դադարեցված է ջրի հոսքը: Իրենք գիտեն՝ երբ բաց թողնեն: Կոմբինատի թունելի մոտ ջրամբար ունեն: Կեղտոտ, ավել ջրերը բաց են թողնում, թափվում է այդտեղ, տակից, մոտ 100 մետր լայնությամբ ակունք է դուրս գալիս: Բայց այդ ջուրը մեզ պետք չէ, որովհետև մենք չգիտենք` դրա մեջ ինչ կա: Նախորդ տարի ես իմ 250 ծառից պտուղը լրիվ փչացած եմ քաղել, սնկային հիվանդություն է կպնում, արմատները փտում են, ո՞նց կաճի ծառը: Չէ մեզ մասնագետ է պետք»,- ասաց Կարճևանի բնակիչ Ռուբեն Մկրտչյանը:

 

14:50 Ապրիլ 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news