ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի ինստիտուտը բարձրաձայնում է ջրամբարների անվտանգ շահագործման խնդիրները և առաջարկում լուծումներ

ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի ինստիտուտը բարձրաձայնում է ջրամբարների անվտանգ շահագործման խնդիրները և առաջարկում լուծումներ

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը մշակել և արտադրում է հատուկ ստուգիչ-չափիչ սարքավորումներ, որոնք նախատեսված են ջրային էկոհամակարգերի՝ ջրամբարների գետերի, լճերի ջրիմակարդակների մշտադիտարկման համար: Սարքավորման կիրառման դեպքում հնարավոր կլինի խուսափել ջրամբարների պատվարների փլուզումներից: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։

Հայրենական արտադրության ստուգիչ-չափիչ սարքավորումներ արդեն իսկ տեղադրված են Գեղարդալճի ջրամբարում։

Հայաստանում շահագործվող 84 ջրամբարներից 24-ը հատուկ նշանակության ջրամբարներ են՝ իրենց աշխարհագրական տեղադիրքով, ոռոգման, էներգետիկ և ջրամատակարարման տեսանկյունից։ Այսօր այդ ջրամբարների անվտանգ շահագործման խնդիր կա։

«Ջրամբարների վթարների հիմնական պատճառը ֆիլտրացիան է։ Ջուրը ֆիլտրվում է պատվարի մարմնից, ունի իր բնական ֆիլտրացիան, իսկ գերազանցման դեպքում կարող է վթար առաջանալ։ Հողային պատվարների դեպքում ֆիլտրացիան միշտ կա, դրա համար այն պետք է լինի սահմանային արժեքին մոտ։ Բոլոր ջրամբարներում այդ խնդիրը կա։ 84 ջրամբարներն էլ հողային պատվարներով են։ Հիմնական խնդիրը նրանում է, որ ստուգիչ սարքեր չկան, որպեսզի կարողանանք այդ ֆիլտրացիան կառավարել։ Ջրամբարների վրա կան պեզոմետրական հորատանցքեր, որոնք արվում են նախագծման ընթացքում, դրանց վրա պետք է դրվեն սարքերը։ Բայց հորտանցքերը կան, սարքավորումները՝ ոչ։ Ազատի ջրամբարում կա 41 հորատանցք, բայց դրանցից քանի՞սն են աշխատում, կարող է իրենց ֆիլտրերը փակ լինի: Պետք է դրանց պարբերաբար ուշադրություն դարձնել և մշտադիտարկում անել»,- ասաց Ջոն Կարապետյանը։

Նա նշեց, որ լուրջ խնդիր կա ներկայումս Արփի լիճ ջրամբարում ՝ կապված գեոֆիլտրացիայի հետ: «Ջրամբարը համալիր ուսումնասիրության կարիք ունի՝ բացահայտելու ֆիլտրացիայի պատճառները: Հատկապես վտանգավոր է կենտրոնացված ֆիլտրացիան, որ դեպքում ջրամբարի պատվարի փլուզումն անխուսափելի կլինի: Անհրաժեշտ են շուտափույթ միջոցառումներ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով»,- ասաց Ջոն Կարապետյանը:

Արփի լճի կուտակված ֆիլտրացիա

Ըստ Կարապետյանի՝ ինստիտուտի կողմից կատարվել է ջրածածկման ռիսկի հաշվարկ։ Հաշվարկվել է, որ, օրինակ, բարձրադիր ջրամբարների վթարի դեպքում ջրածածկ կլինեն հարակից գյուղերը, մեծ տնտեսական ու մարդկային կորուստներ կլինեն։
Ֆիլտրացիայի պատճառով տեղի է ունենում նաև ջրի կորուստ։ Ջոն Կարապետյանը վստահ է, սարքավորման տեղադրման դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարել նաև ջրի կորուստը: Ըստ նրա՝ ներկայումս ջրի սուր պահանջարկի պայմաններում խիստ անհրաժեշտ է ջրամբարների կայունության ապահովումը, որպեսզի հնարավոր լինի ջրամբարներում շատ ջուր կուտակել:

Պյեզոմետրական հորատանցքերի անմխիթար վիճակ

Ջոն Կարապետյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից արտադրվում են ջրային էկոհամակարգի, մասնավորապես, գեոֆիլտրացիոն, սեյսմիկ պրոցեսների մշտադիտարկման «խելացի» (Smart System) պյեզոմետրական, ճարտարագիտա-սեյսմաբանական ստուգիչ-չափիչ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս անլար կապուղու (GSM/Wi-Fi) միջոցով վթարի մասին տեղեկատվությունը հաղորդել (վաղ ազդարարման համակարգով) համապատասխան կենտրոն: Առաջարկվող hայկական ապրանքանիշի սարքերը, զգալի անգամ մատչելի են, իրենց տեխնիկական չափորոշիշներով չեն զիջում արտասահմանյան նմանատիպ սարքերին, բացի այդ շահագործման տեսանկյունից պարզ են և ճկուն:

Սարքերի տեղադրման համար ինստիտուտն առաջարկում է նախ համալիր երկրաֆիզիկական մեթոդներով երկրաֆիզիկական ուսումնասիրություններ կատարել ջրահագեցված գոտիներ հայտնաբերելու նպատակով, այնուհետև իրականացնել սարքերի տեղադրման աշխատանքներ։ Այս առաջարկները ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը ներկայացրել է Ջրային կոմիտե, Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների նախարարություններ՝ տեղեկացնելով նաև ջրամբարների խոցելի վիճակում գտնվելու մասին։ Շրջակա միջավայրի նախարարությունից առաջարկել են ներկայացնել 6 ջրամբարի համալիր ուսումնասիրության նախահաշիվ:

«Մենք հիմա այդ նախահաշիվն ենք կազմում, մոտ օրերս կներկայացնենք նախարարությանը»,- ասաց Ջոն Կարապետյանը:

Լուսանկարները՝ Ջոն Կարապետյանի

18:32 Հուլիս 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news