Ջրի ազգային խորհրդի գործառույթները կանցնեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը

Ջրի ազգային խորհրդի գործառույթները կանցնեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը

ԷկոԼուր

Ջրի ազգային խորհրդի գործառույթները կանցնեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով նախատեսված է լուծարել ՀՀ վարչապետին կից գործող Ջրի ազգային խորհուրդը: ՀՀ օրենքների նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 2019 թվականի փետրվարի 25-ի N04/03.13/8905 հանձնարարականը Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ:

Ըստ օրինագծի հիմնավորման՝ Ջրի ազգային խորհուրդը տալիս է եզրակացություն ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման, շահագործման նպատակով և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերից ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ։ Այն կորցրել է իր նշանակությունը, քանի որ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշմամբ արդեն իսկ տրված են ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտերի որոշ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման կարգավորումները, ինչպես նաև հաստատված են Արարատյան, Հարավային եւ Ախուրյանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները, Սևանի և Հրազդանի ջրավազանային տարածքների կառավարման պլանները ներկայումս գտնվում են մշակման փուլում, իսկ Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը նախատեսված է մշակել մինչեւ 2023 թվականը:

«Ջրի ազգային խորհրդի լուծարմամբ եւ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N218-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը չի կասեցվի և ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտի քննարկման գործընթացի ժամկետը հավելյալ չի երկարաձգվի, ինչով կթեթեւացվի տնտեսվարող սուբյեկտների վարչարարական բեռը»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ:

Օրինագծերի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել 6 իրավական ակտում:

 

16:19 Հոկտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news