Երեք կառույցի միավորմամբ կստեղծվի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

Երեք կառույցի միավորմամբ կստեղծվի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը

ԷկոԼուր

Այսուհետ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) գործառույթները կվերապահվեն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթրինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գործադիրը ս. թ. հունվարի 30-ին միաձայն ընդունեց վերոնշյալ երեք կառույցների վերակազմակերպմամբ նոր ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը:

Ըստ որոշման նախագծի՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը համարվում է վերոնշյալ 3 կազմակերպությունների իրավահաջորդը՝ ստանձնելով միաձուլման ձևով վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները: Համաձայն նախագծի հիմնավորման՝ նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիթորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը: 

ՀՀ կառավարության անդամներին ներկայացնելով նոր նախագիծը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց. «Ստեղծում ենք միասնական շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգ: Այս միավորված կառույցը միտված է լինելու միասնական շրջակա միջավայրի մոնիթորինգի ապահովմանը, ինչպես նաև՝ տարբեր երևույթների մեջ պատճառահետևանքային կապերը բացահայտելուն և մեր հասարակությանը տեղեկատվությունը տալուն: Մինչ այժմ բաշխված է տարբեր գերատեսչությունների միջև: Անտառային մոնիթորինգը նախկինում Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում էր, հիմա կմիավորվի, տեխնիկապես կվերազինվի»:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կվերապահվեն ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1)  լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում.

2)  հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.

3)  ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում,

4)  հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.

5)  մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում,

6)  աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում.

Նշենք, որ մինչ այս «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն»-ը գտնվում էր Արտակարգ իրավիճակների, իսկ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն»-ը և «Անտառային մոնիթորինգի կենտրոն»-ը՝ Շրջակա միջավայրի նախարարության կազմում: 

 

 

Հունվար 30, 2020 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր