

Սևանա լիճը այս տարի ևս կանաչել է, ինչպես նախորդ տարի: «Մեր տվյալներով արդեն սկսել է Սևանա լճի զանգվածային կանաչումը։ Կախված ջերմաստիճանից ու կենսածին տարրերի առկայության չափից՝ Սևանի կանաչելը տևում է մոտավորապես մեկ ամիս։ Ամեն տարի ծաղկելուց հետո ջրիմուռներն իջնում են ջրի հատակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հաջորդ տարի էլ կանաչելու համար»,- ԷկոԼուրին հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը։
Նա ասաց, որ պետք է պայքար մղվի ջերմաստիճանի նվազման ուղղությամբ, որը պետք է անել Սևանա լճի մակարդակը բարձրացնելով։
«Ափամերձ գոտիներից կենսածին տարրերի մուտքը պետք է կրճատվի, այսինքն, մաքրման կայաններ պետք է դրվեն։ Ձկների քանակը պետք է համապատասխան քանակի հասցվի, այդ ձկներն են իշխանը, սիգը, կողակը։ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում այժմ նպատակային ծրագիր ենք անում, որ հնարավորին չափ կրճատենք ծաղկման շրջանում ջրիմուռների քանակը: Դա հատուկ փոշի է, որը կլանում է իր մակերեսին ջրիմուռներին և հանվում է դուրս։ Մենք այդ ծրագրի վրա առաջին տարին է, որ աշխատում ենք, պետք է այդ փոշին ստանանք: Եթե մեր ֆինանսավորումը շարունակեն, մենք մեր փորձարկումը որոշ փոքր տեղերում կիրականացնենք, իսկ երրորդ տարում ագրեգատ է սարքվում, որը կհավաքի ջրիմուռներին», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը սկսել է նվազել: Տարեսկզբից լճի մակարդակը բարձրացավ 41 սմ-ով՝ 1900.43 մ-ից մինչև 1900.84մ : Հուլիսի 2-ից սկսած լճի մակարդակը սկսեց իջնել և հուլիսի 20-ի դրությամբ կազմում է 1900.78 մ՝ 3 սմ-ով ցածր լինելով նախորդ տարվա նույն օրվա մակարդակից:
Լուսանկարը՝ Տիգրան Միրզոյանի ֆեյսբուքյան էջից
Հուլիս 20, 2020 at 14:04