Եվս մեկ ՀԷԿ Լաստիվերի վրա

Եվս մեկ ՀԷԿ Լաստիվերի վրա

ԷկոԼուր-«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը Լաստիվերի շրջակայքում նախատեսվող ՓՀԷԿ-երի վերաբերյալ նամակ է ուղղել  ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նամակում ասված է. «Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինների պաշտոնական կայք էջերից տեղեկացվել ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ` «Խաչաղբյուր-1» անվամբ` 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա: Սակայն պատրաստվում է կառուցվել ևս 2-րդը` «Խաչաղբյուր-2» անվամբ` 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են «Քարևարդ» ՍՊ ընկերությանը: 

Բացի այդ, տեղեկացված ենք նաև, որ դեռևս 2011թ. հուլիսի 7-ին նույն գետի և նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլատրություն` հետագայում ևս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է «ԱԹՎԱ» ՍՊ ընկերությանը:
         
Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով, մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը:
        
Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների:
        
Մենք, պնդում ենք, որ մինչև ցանկացած թույլատրություն տալը ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է սկզբնական փուլում լուրջ ուսումնասիրություն և գնահատում  իրականացնի, հաշվի առնելով բոլոր տեսակի վտանգները՝ ներգրավելով նաև հանրությանն ու ոլորտի մասնագետներին, որպեսզի հետագայում չունենանք բնությանը և շրջակա միջավայրին հասցված անդառնալի կորուստներ, որոնց վերականգնելը շատ բարդ է և ժամանակատար:
         
Ելնելով վերոշարադրյալից, խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների համաձայն մեզ տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները:
        
Մեր կողմից մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարությանը վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո»:

19:43 Հունիս 27, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news