Ձկնաբուծարանները մեծ խնդիր են մնում Արարատյան դաշտի համար

Ձկնաբուծարանները մեծ խնդիր են մնում Արարատյան դաշտի համար

ԷկոԼուր

Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի աղետալի վիճակը քննարկվում է Հայաստանում ջրերի խնդրին նվիրված բոլոր խոշոր հարթակներում:

«Արարատյան դաշտում խորքային ջրերի մասով մտահոգությունները արդարացված են: Կառավարության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ներկայումս վիճակը սկսում է բարելավվել: Սակայն մենք դեռ հեռու ենք նորմալ վիճակից»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի բարձրաստիճան մեկնարկային հանդիպման ժամանակ:

Այս հանդիպումից մեկ օր առաջ այս խնդրի կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովի ժամանակ: «Արարատյան արտեզյան ավազանն այսօր խիստ վտանգի է ենթարկված, և սա վատ շահագործման հետևանք է: Արտեզյան ավազանից տարեկան մոտ 1 միլիարդ խմ ամենամաքուր որակի ջուրը մենք վերցնում ենք ձկնային տնտեսությունների համար, դարձնում այն անպիտան ոռոգման համար և լցնում Արաքս գետը՝ ճահճացնելով, աղերի քանակներն ավելացնելով և ոչ նպատակային դարձնելով երկրի հողերի մեծ մասը: Սխալ շահագործման արդյուքում մենք խախտել ենք ստորգետնյա ջրերի հորիզոնները, աղտոտել ենք մաքուր ջրերի ավազանը: Իմ կարծիքով՝ Արարատյան արտեզյան ավազանում ձկնատնտեսության զարգացումն ընդհանրապես անթույլատրելի է», - ասաց Մարատ Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության նախարարը դեմ է ձկնաբուծարանները փակելու առաջարկին:
«Ձկնաբուծարանները կտրուկ սահմանափակել՝ նշանակում է պարզապես հեռանկարային քաղաքականություն չիրականացնել: Բայց այն, որ այստեղ պետք է միանշանակ վերանայումներ լինեն, դա փաստ է», - ասաց Արծվիկ Մինասյանը:

USAID-ի 2016 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրառն ավելի քան 45 %-ով գերազանցում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծավալը՝ 1.1 միլիարդ խմ/տարեկան: Ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործված ծավալի 50 %-ը՝ 809.0 միլիոն խմ/տարեկան, օգտագործում են ձկնաբուծարանները:

16:00 Դեկտեմբեր 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news