Համաշխարհային բանկը կասեցրեց Գառնիի բնակիչների բողոքի քննությունը մինչև 2017 թվականը

Համաշխարհային բանկը կասեցրեց Գառնիի բնակիչների բողոքի քննությունը մինչև 2017 թվականը

ԷկոԼուր

Համաշխարհային բանկը կասեցրեց Գառնիի բնակիչների բողոքի քննությունը մինչև 2017 թվականը Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նոր ծրագրի մասին հայտարարությունից հետո: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գառնիի բնակչուհի, լրագրող Սառա Պետրոսյանը: Այժմ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նոր ծրագիր է մշակում, ինչի մասին տեղեկացվել է Համաշխարհային բանկին: «Մենք՝ մի քանի գառնեցիներ,  Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին եղանք Գեղադիր և Հացավան համայնքների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանի մոտ: Ջրպետկոմի ներկայացուցիչներն ասացին, որ Հացավան և Գեղադիր համայնքների համար ջուր է բերվելու Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգից, այլ ոչ Ազատի ջրամբարից: Իսկ այդ պոմպակայանի միջոցով արդեն ջուր կմատակարարվի Քացրաշենի ծրագրի համայնքներին: Իրենց ասելով՝ այս ճանապարհով 70 տոկոս էներգախնայողություն կլինի»,- ասաց Սառա Պետրոսյանը:

Ըստ Քաղցրաշենի ծրագրի պատասխանատուների՝ ջրառի գլխամասը Ազատ գետի առավել ներքևի հատվածում տեղադրելու դեպքում խողովակի մեջ բավարար ճնշում չի լինի, որպեսզի ջուրը հասնի Արարատի մարզ, սակայն փոխզիջման արդյունքում կտեղադրվի փոքր ծավալի պոմպ, որը թույլ կտա լրացնել ճնշումների տարբերությունը:

Սառա Պետրոսյանը սկզբունքորեն չի առարկում խնդրի այս լուծմանը, թեպետ դեռ հաշվարկված չէ, թե որքան ջուր է տարվելու: «Ջրաքանակի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացնեն նոր ծրագրով:  Բայց եթե պարզվի, որ նախորդ տարվա նման ջուրը չի բավականացնելու, ապա այդ ծրագրի իրագործումը նորից հարցականի տակ է դրվում, մենք նորից կսկսենք մեր բողոքը, և ծրագրի աննպատակահարմարության մասին տեղյակ կպահենք Համաշխարհային բանկին: Սակայն այժմ դեռ ոչինչ ասել չենք կարող: Մենք Համաշխարհային բանկի հետ միասին այս գործընթացը դեռ մոնիտորինգ ենք անում»,- ասաց Սառա Պետրոսյանը:  

Գառնիի ակտիվիստ Արուսյակ Այվազյանը համաձայն չէ  Ջրպետկոմի առաջարկած լուծման հետ.  «Չնայած նրան, որ իրենք 5.2 կմ իջել են ներքև, միևնույն է, դա չի փրկում բնաշխարհը, որովհետև էլի գետի եզրագծով Խոսրովի արգելոցն է՝ 4 կմ տարածքով… Առանց այդ էլ այնտեղ կիսաանապատային գոտի է, եթե եղած ջուրը մղելու են… Ջուր չի մնա, կդառնա անապատային: Այդ հատվածում ապրում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը և օգտվում են գետի այդ հատվածից: Մի բեզոարյան այծին խփողին տարիներով տանում, բանտերն են նստեցնում, իսկ հիմա այդ կենդանիներին ոչնչացնում են, բնաշխարհն են ոչնչացնում»:

16:19 Հուլիս 19, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news