Անհրաժեշտ է ընդամենը 3 միլիոն դրամ, որ Դիտակ գյուղի բնակիչները խմելու ջուր ունենան

Անհրաժեշտ է ընդամենը 3 միլիոն դրամ, որ Դիտակ գյուղի բնակիչները խմելու ջուր ունենան

ԷկոԼուր

Օրերս ՀՀ Արարատի մարզի Դիտակ գյուղում շահագործման հանձնվեց 1866.4 գծամետր երկարությամբ խմելու ջրի նոր վերակառուցված ջրագիծը: Այն վերակառուցել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Դիտակ համայնքի բնակչությունը՝ հանուն անվտանգ խմելու ջրի կորստի կանխման» ծրագրի շրջանակներում:

«Դիտակ գյուղի խմելու ջրի բակտերոլոգիական ցուցանիշները չէին համապատասխանում նորմերին: Պատճառը՝ ջրագծի քայքայված և ծակված խողովակներն էին: Մենք տարբեր տեղերից ջրի նմուշներ ենք վերցրել և հանձնել բակտերոլոգիական հետազոտման: 10 նմուշից 4-ում ջրին ներկայացվող բակտերոլոգիական ցուցանիշները չէին համապատասխանում խմելու ջրի ցուցանիշներին», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը՝ նշելով, որ բացի աղտոտումից տեղի են ունեցել նաև ջրի հսկայական կորուստներ:

«Կոկա-կոլա» միջազգային կազմակերպության հովանավորությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ սույն թվականի մայիսից ՀԿ-ն Դիտակում իրականացրեց 1866.4 գ/մ երկարությամբ խմելու ջրի ջրագծի վերակառուցման աշխատանքներ` ծախսելով 18 385 328 ՀՀ դրամ: Սակայն  գյուղի որոշակի հատված դեռ ջուր չունի:

«Գյուղը նախկինում ջրագծի ճիշտ նախագիծ չուներ: Քանդելու ընթացքում տարբեր տեղերում տարբեր գծեր էին հայտնաբերվում, որոնք նախագծված չէին, և դա աշխատանքը բավականին դժվարացրեց: Բայց հիմա մեկ փողոց մնացել է առանց ջուր, քանի որ խողովակներն այնքան քայքայված են, որ հնարավոր չէր միացնել նոր բերված խողովակներին, որովհետև այդ ջուրը կգնա, կկեղտոտվի և կկորի», - նշեց Լիլիկ Սիմոնյանը: Ֆինանսների բացակայության պատճառով ՀԿ-ն չի կարողանում վերակառուցել այդ հատվածը: Խնդրի լուծման համար դիմել են «Երևան ջուր» ՓԲԸ-ին, Երևանի քաղաքապետարանին, Արարատի մարզպետարանին, սակայն վերջիններս մերժել են՝ պատճառաբանելով, որ չունեն լրացուցիչ գումար:

«Վերակառուցման ենթակա ջրագծի երկարությունը կազմում է մոտ 200 մետր: Այդ աշխատանքների համար ընդամենը 3 միլիոն դրամ է պետք: Քաղաքապետարանի կամ մարզպետարանի համար դա մեծ գումար չէ, այն դեպքում, երբ արված է նման մեծ աշխատանք», - ասաց ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:

Նշենք, որ Դիտակ համայնքին խմելու ջուր մատակարարում է «Երևան ջուր» ՓԲԸ-ն:

Լուսանկարները` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի

13:17 Նոյեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news