ԷկոԼուր
Իրանական «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ն կվերականգնի ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի տարածքում գտնվող մայր և երկրորդ կարգի ոռոգման համակարգերի առավել քայքայված հատվածները: ՀՀ կառավարությունը մայիսի 21-ի նիստում որոշեց թույլատրել այս օտարերկրյա ընկերությանը իրականացնել շինարարական գործունեություն Հայաստանում` համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի։
«Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում անցկացված «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում (երեք լոտով)» միջազգային մրցույթում բոլոր երեք լոտով:
- Լոտ 1՝ «Գողթի ջրանցքի, Քասախի ոռոգման համակարգի ձախ և աջ ճյուղերի, Դվինի ջրանցքի, Արտաշատի ջրանցքի N49-ի բաժանարարի, Ոսկևազի մայր ջրանցքի, Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 2-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի և Զեյթուն-Հաղթանակ պոմպակայանի 3-րդ աստիճանի ձախ ճյուղի ջրանցքի վերականգնում» ISMP/ICB/CW-17/001-1 պայմանագիրը՝ 552,510,721.33 ՀՀ դրամ ընդունված պայմանագրային արժեքով;
- Լոտ 2՝ «Մրգաշատի ջրանցքի վերջնամասի, Մարգարայի ջրանցքի, Ստորին Հրազդան ջրանցքի 2-րդ հերթի 5-րդ ճյուղի, Հացիկի 10-րդ բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի Ռ-4, Ռ-6, ՄՏ-3, ՄՏ-7 բաժանարարների վերականգնում» ISMP/ICB/CW-17/001-2 պայմանագիրը՝ 1,011,298,283.77 ՀՀ դրամ ընդունված պայմանագրային արժեքով;
- Լոտ 3՝ «Սայաթ Նովա, Արբաթ և Շահ-արխ ջրանցքների, Արաքս-Ջրառատի պ/կ և Առատաշենի պ/կ հեռացնող ջրանցքների, Արեգի ջրանցքի վերականգնում» ISMP/ICB/CW-17/001-3 պայմանագիրը՝ 995,526,865.29 ՀՀ դրամ ընդունված պայմանագրային արժեքով:
«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրվել է 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից` համաձայն 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինի միջև կնքված համաձայնագրի: Ծրագիրը ներկայումս գտնվում է ընթացքի մեջ և Ծրագրի բաղադրիչներից մեկով էլ հենց նախատեսված է վերականգնել վերոնշյալ մարզերի ոռոգման համակարգերի առավել քայքայված հատվածները:
Թե երբ է անցկացվել մրցույթը, չի նշվում: Սակայն հիմնավորման մեջ գրված է, որ մրցույթի առաջարկների գնահատման զեկույցը և պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ԵԶԲ-ին, որից հետո՝ 2020 թվականին մարտի 30-ին ԵԶԲ-ից ստացվել է «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ 2020 թվականի մարտի 31-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ին ուղարկվել է «պայմանագրերի շնորհման» ծանուցում։
«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է.
- Էլեկտրաէներգիայի տնտեսում (տարեկան)` 14.3 մլն.կվտ.ժ
- Շահագործման ծախսերի կրճատում
- Ոռոգելի հողատարածքների աճ` մոտ 10500 հա
- Չշահագործվող պոմպակայանների քանակ` 12 հատ
- Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 62.8 կմ
- Երրորդ կարգի ջրանցքների վերականգվող հատվածներ` 277.4 կմ
- Շահառուների քանակը` 115141 մարդ:
Մայիս 21, 2020 at 15:09