Չհաշվառված ջրառ Արմավիրի մարզի երկու համայնքում

Չհաշվառված ջրառ Արմավիրի մարզի երկու համայնքում

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Գայ և Գրիբոյեդով համայնքների բնակիչները չունեն հորերից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվություններ, չեն ներկայացնում օգտագործվող ոռոգման և խմելու ջրի մասին հաշվետվություններ, չկան ջրաչափեր: Համայնքապետարանները չեն հսկում միևնույն ջրաղբյուրից օգտվող բնակիչների կողմից վճարվող վարձավճարները: Այս մասին հունվարի 30-ին ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանը՝ ներկայացնելով Գայ և Գրիբոյեդով համայնքներում իրականացված ջրօգտագործման թույլտվությունների մոնիթորինգի արդյունքները:

Համաձայն ուսումնասիրության՝ տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործող ընկերությունները Գայ համայնքում ընդհանրապես սպասարկում չեն իրականացնում, իսկ Գրիբոյեդով համայնքում սպասարկում են իրականացնում միայն 250 հեկտարի վրա:

«Համայնքապետարանները չեն ստեղծել ներհամայնքային ձեռնարկություն, որը կզբաղվեր համայնքում ոռոգման և խմելու ջրի ջրաղբյուրներից ջրառի իրականացման, տեղափոխման և բաշխման աշխատանքներով: Դրանք կատարվում են բնակիչների կողմից: Բնակիչներն են վճարում պոմպի, սարքավորումների նորոգումների և ծախսված էլեկտրաէներգիայի վարձի գումարները», - նշեց Նաիրա Առաքելյանը:

«Արմավիր» ՋՕԸ-ի գլխավոր ինժեներ Արշավիր Գևորգյանն էլ շեշտեց, որ Գայի և Գրիբոյեդովի համայանքապետերը չեն երկարացրել նախկինում ունեցած ջրօգտագործման թույլտվությունները: «Եթե ջուրը լիներ հաշվարկված, լիներ ջրաչափ, մենք կունենայինք խնայված ռեսուրս: Այդ համայնքներում օգտագործվող ջրաքանակները չեն չափվում, բացակայում է պետական հսկողությունը ջրի հաշվառման նկատմամբ», - ասաց Արշավիր Գևորգյանը:

Ուսումնասիրության արդյունքներով «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ՀՀ կառավարությանը մասնավորապես առաջարկում է՝

- ուժեղացնել վերահսկողությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ուղղությամբ, 

- ավելացնել առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու տուգանքի չափը,

- Գայ և Գրիբոյեդով համայնքներից պահանջել ստանալ ջրօգտագործման թույլտվություններ, ներկայացնել ջրային ռեսուրսների օգտագործման պետական հաշվետվություններ, տեղադրել ջրաչափեր:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

18:26 Փետրվար 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news