ՀՀ կառավարությունը լուծարում է Ջրային տնտեսության ԾԻԳ-ը

ՀՀ կառավարությունը լուծարում է Ջրային տնտեսության ԾԻԳ-ը

ԷկոԼուր

2019 թ-ի հուլիսի 1-ից իր գործունեությունը կդադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց փետրվարի 28-ի նիստին:

Հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ստեղծվելիք «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման» միջոցով:

Նախատեսվում է, որ հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության պայմանները։ Ստորաբաժանման միջոցով կշարունակվեն իրականացվել հիմնարկի կողմից կամ մասնակցությամբ գործող վարկային և դրամաշնորհային ծրագրերը՝ նույն պայմաններով:

Նշվում է, որ որոշման նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի հեղինակը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:

 

16:35 Մարտ 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news