Ջրի խնդրի պատճառով մարդիկ հեռանում են Հայանիստից

Ջրի խնդրի պատճառով մարդիկ հեռանում են Հայանիստից

ԷկոԼուր

2046 բնակչություն ունեցող Արարատի մարզի Հայանիստ համայնքը տարիներ շարունակ խմելու և ոռոգման ջրի խնդիրներ ունի: Ոռոգման ջրի մասին խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է թե՛ բնակիչների, և թե՛ համայնքի ղեկավարի կողմից, բայց` ապարդյուն:

Ըստ Հայանիստի համայնքապետարանի տվյալների՝ վերջին տարիներին Հայանիստում գրանցվել է համայնքապատկան հողերի դեգրադացում՝ անապատացում, դրանք չոռոգելու հետևանքով: Համայնքի ոռոգելի տարածքների ավելի քան 150 հա-ն այսօր չի ոռոգվում: Ոռոգումն իրականացվում է միայն 80 հա տարածքում:

Հայանիստ համայնքում կա գործող չորս ձկնաբուծարան: Ձկնաբուծարանների լճերից մեկի հայելու մակերեսը 4000 քառակուսի մետր է, մյուսներինը՝ համապատասխանաբար 4500 քառակուսի մետր, 7000 քառակուսի մետր, 20 000 քառակուսի մետր:  Ըստ համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի` ձկնաբուծարանների զբաղեցրած տարածքների վարձակալության արժեքը 1 հա-ի համար տարեկան կազմում է 200 հազար դրամ: Ըստ նրա` շուտով հողերի կարգի փոփոխություն կլինի, ինչի արդյունքում ձկնաբուծարաններն ավելի մեծ գումարներ են վճարելու համայնքին:

Համայնքի հողերի ոռոգման համար Հայանիստում կարող են օգտագործել ձկնաբուծարանի հետադարձ ջուրը: 2017 թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի և Գլոբալ ԷկոլոգիականՀիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսներիհամալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և «Շրջակա միջավայրի հետազոտու­թյունների և ԱՏՀ կենտրոն» (ՇՄՀԱՏՀԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շնորհիվ վերակառուցվել է Հայանիստի ոռոգման համակարգը: Ձկնաբուծարանի ջրի ելքի կետում կառուցվել է նորպոմպակայան, տեղադրվել` նոր ոռոգման համակարգ: Ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել ձկնաբուծարանի հետադարձ ջրերով ոռոգել Հայանիստի 40 հա հողերը: Սակայն, ըստ համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի, տվյալ հողերը մեծամասամբ չեն մշակվում համայնքում գյուղտեխնիկայի բացակայության պատճառով:

Քարտեզով անջրդի, իրականում՝ ոռոգելի

Համայնքապետի խոսքով, Հայանիստում 60 հա գյուղնշանակության հողատարածք ճանաչվել է անջրդի նախորդ ավագանու որոշմամբ: «Ամենահեշտ տարբերակն են գտել, անջրդի են սարքել, որ ջրի խնդիրը լուծվի, արանքից դուրս գա: Հետո էդ հողերը մաս-մաս բաժանվել է գյուղացիներին: Այդպիսով այդ հողերը նաև արժեզրկվել են: 25 տարի ոչ ոք այդ հարցով չի զբաղվել», - ասաց Բալաբեկ Սարկիսյանը:

Անմշակ հողերը արտագնա աշխատանքի պատճառ

Հողերը չմշակելու հետևանքներից մեկն էլ համայնքի տղամարդկանց զանգվածային արտագնա աշխատանքի մեկնելն է: Հայանիստի բնակիչները չեն կարողանում լիարժեք զբաղվել գյուղատնտեսությամբ: Շատերի համար աշխատանք չկա: «Ոմանք զբաղվում են առևտրով, ոմանք՝ շինարարությամբ, մի մասն էլ՝ մեկնում է արտագնա աշխատանքի», - նշում է համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Բաբաջանյանը:

Խմելու ջուր՝ սպիտակ փաթիլներով

Հայանիստի ջրամատակարարումն ապահովում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Խմելու ջուրը Հայանիստ է հասնում Նորաբացի ջրամբարից: Համայնքի որոշ բնակիչներ նաև դժգոհեցին խմելու ջրի որակից: Նրանք նշեցին, որ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիր չկա, սակայն որակը դժվարացան բավարար գնահատել: Հայանիստի մանկապարտեզի աշխատակցուհին նշեց, որ իրենց տանը խոհանոցի ծորակից հոսող ջուրը չեն խմում, օգտագործում են միայն կենցաղում և ճաշ պատրաստելու նպատակով: Խմելու համար ջուրը գնում են խանութից՝ ամսական վճարելով մոտ 5000 դրամ:

«Աղակալած ջուր է: Ծորակի ջուրը խմել հնարավոր չէ՝ սպիտակ փաթիլներ են գոյանում դրա մեջ», - ասացին գյուղացիները: Խմելու և ոռոգման ջրի սուր խնդրի առաջ են Հայանիստի Գետաշեն թաղամասի բնակիչները:

Բնակիչները նշում են, որ խախտվել են մաքուր, լավ որակի ջրի և ջրի մատչելիության իրենց իրավունքները:

Ջրի նկատմամբ իրավունքների խախտումների և դրանց հետևանքների վերաբերյալ ԷկոԼուրի սոցիալական հարցումների արդյունքների և Գետաշեն թաղամասի ջրի խնդրի մասին` հաջորդիվ:

Սույն  նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:05 Ապրիլ 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news