Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով

Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ տեղեկություն չունեմ` ինչ արեցին: Ես մառլեն դնում եմ շշերի վրա, քամում, լցնում: Լրիվ երեխեքը ճիճու են կպչում, հետո դեղը նշանակում են, առնում ենք, խմացնում»,- պատմեցին բնակիչները: Դարանակ գետի ջուրը կուտակվում է բաց ջրավազանում, որտեղից խողովակներով մտնում է գյուղ: «Ջրավազանում կարող է կենդանի ընկնի, սատկի: Մինչ ջրավազան լցվելը բաց առուներից կովերն են խմում, հետո գալիս է, մենք ենք խմում...»,- ասացին բնակիչները:

Գեղամասարի համայնքապետարանից Էկոլուրին հայտնեցին, որ Դարանակի և ևս 11 գյուղի խմելու ջրի խնդիրը լուծելու համար սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Գեղամասարի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման առաջատար մասնագետ Հայկ Դավեյանը Էկոլուրի հետ զրույցում ասաց, որ Դարանակում մոտ 2 կմ 300 մ արտաքին ջրագիծ է կառուցվելու: ««Ավետիսյան շինմոնտաժ» ընկերությունն է անում: Պայմանագիրը կնքվել է օգոստոսի 20-ին: Տվել ենք 80 օր ժամկետ։ Մեխանիկական ֆիլտրացիա է կատարվելու։ Այդպիսով Դարանակ գյուղի խմելու ջրի հարցը հիմնականում կլուծվի»,- ասաց նա։ Մինչև այսօր` սեպտեմբերի 6-ի դրությամբ, Դարանակում խմելու ջրագծի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Բացի խմելու ջրից գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր: Գյուղի տարածքում` Դարանակ գետի վրա, կառուցված է «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը: ՓՀԷԿ-ի շահագործումից հետո ամռան սեզոնին գյուղացիները մնում են առանց ոռոգման ջրի: «ՀԷԿ-ը սարքեցին, մեր ոռոգման ջրերը մտան խողովակների մեջ: Առաջ հոսքն այնքան ուժեղ էր, որ կամուրջը քշում, տանում էր: Կամաց-կամաց չորացավ գետը»,-ասացին բնակիչները:

ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ գյուղացիներն այս տարի բանավոր համաձայնություն էին ձեռք բերել ՓՀԷԿ-ի աշխատանքը ոռոգման սեզոնին կանգնեցնելու մասին: ԷկոԼուրի հետ զրույցում Դարանակի բնակիչներն ասացին, որ փոքր ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է այս տարվա օգոստոսին, և իրենք անհրաժեշտ քանակով ոռոգման ջուր են ունեցել:

Սակայն բանավոր համաձայնությունը որևէ իրավական ուժ չունի և չկա որևէ երաշխիք, որ հաջորդ տարիներին ևս «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը կդադարեցնի իր աշխատանքն ամռանը՝ ոռոգման ջրի ծավալը չնվազեցնելու, միաժամանակ՝ ի վնաս իրեն աշխատելու պայմանով: Նախատեսված է, որ «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը պետք է էլեկտրաէներգիա արտադրի առանց դադարեցնելու իր աշխատանքը ոռոգման սեզոնին:

Տեղեկանք.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ «Դարանակ» ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 1.387936 մլն. կՎտժ է: Հաշվարկային արտադրությունն ըստ նախագծի 1.82 մլն. կՎտժ է:

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն, ՓՀԷԿ-ը 2019 թ. մայիսին արտադրել է 231 հազար 274 կՎտժ էլեկտրաէներգիա, հունիսին՝ 83 հազար 836 կՎտժ, իսկ հուլիսին՝ 69 հազար 825 կՎտժ էլեկտրաէներգիա:

2018 թ. «Դարանակ» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 660 հազար 678 կՎտժ էլեկտրաէներգիա: Մինչդեռ 2016 թ. կլոր տարի աշխատելու դեպքում ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կազմել էր 1.387936 մլն կՎտ/ժ: 2018 թ. հունվար-հուլիսին ՓՀԷԿ-ն արտադրել էր 541 հազար 672 կՎտժ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 459 հազար 25 կՎտժ էլեկտրաէներգիա: 2019թ. ՓՀԷԿ-ի շահագործումը մեկնարկել է ապրիլ ամսից և օգոստոսին կանգնել է:

Նշենք, որ «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցումը համաֆինանսավորվել է Գերմանա-Հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում գերմանական KfW բանկի միջոցներով:

ԷկոԼուրը 2017 թ-ին մոնիտորինգ է իրականացրել ՓՀԷԿ-ում և հայտնաբերել մի շարք խախտումներ: Մոնիտորինգի արդյունքները՝ այստեղ:



14:17 Սեպտեմբեր 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news