Մեկնարկել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումը

Մեկնարկել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումը

ԷկոԼուր 

Հունիսի 8-ից Սևանա լճից ջուր է բաց թողնվում ոռոգման համար: Հունիսի 11-ի դրությամբ լճից արդեն իսկ բաց է թողնվել 9 միլիոն 744 հազար խմ ջուր: Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,81 մ, ինչը նախորդ տարվա հունիսի 11-ի համեմատ բարձր է 1 սանտիմետրով:

Նշենք, որ այս տարի ևս Սևանա լիճը սկսել է ծաղկել կապտականաչ ջրիմուռներով, ինչը վկայում է լճում ընթացող ճահճացման պրոցեսների մասին: 

Խորհրդային տարիներից էներգետիկ նպատակներով Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով տեղի են ունեցել լճի մորֆոմեթրիկ, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական ցուցանիշերի էական փոփոխություններ:

Մասնավորապես՝

· բարձրացել են ջրի (2-3°C-ով) և հատակի միջին ջերմաստիճանները

· զգալիորեն կրճատվել է լճի հիպոլիմնիոնի (մերձհատակային շերտ) ծավալը, իսկ Մեծ Սևանում այն համարյա անհայտացել է

· նվազել է ջրի միջին լուսաթափանցելիությունը (արևային ճառագայթների թափանցելիության աստիճանը/)

· նվազել է ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան՝ հատկապես մերձհատակային շերտում

· նվազել է ֆոսֆորի կոնցենտրացիան, աճել են ազոտի, օրգանական ածխածնի կոնցենտրացիաները (ավազանում շեղվել է տարրերի հավասարակշռությունը)

· Սևանա լճի էկոհամակարգի բնականոն վիճակի խաթարման արդյունքում տեղի են ունեցել հիդրոկենսաբանական ցուցանիշների փոփոխություններ

· Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ափային գծի և լճի հայելու մակերեսի կրճատումները հանգեցրել են մի շարք էնդեմիկ և չվող թռչունների տեսակների կրճատմանը, թռչունների տեսակային կազմի փոփոխության:

Սևանի փրկության համար օրախնդիր է լճի մակարդակի բարձրացումը:

 

18:46 Հունիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news