Տավուշը վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներ ունի

Տավուշը վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներ ունի

Արմենպրես

Տավուշի մարզպետարանում հունիսի 30-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության (ՎԷԷ) հիմնադրամը կազմակերպեց հանդիպում-քննարկում: Ներկայացվեց մեր երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ընթացքը, ինչպես նաեւ' հիմնադրամի գործունեությունը:

Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը Տավուշի մարզում, որտեղ իրականացվել է ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորում, ութ դպրոցներում' ջեռուցման վերականգնում, օժանդակություն անապահով ընտանիքներին, ենթավարկերի տրամադրում եւ այլն: Թամարա Բաբայանը նշեց, որ Տավուշի մարզը վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներ ունի: Մարզում հիմնականում ուսումնասիրված եւ զարգացած է հիդրոէներգետիկան: Աղստեւ գետի ավազանի ներուժը բավական մեծ է, եւ այնտեղ հնարավորություն կա շահագործելու 20-ից ավելի փոքր ՀԷԿ-եր:

Հանրապետությունում արեւային էներգիայի ներուժի ուսումնասիրությունները պարզել են, որ Տավուշի մարզում կա նաեւ արեւային էներգիայի ներուժ: ՎԷԷ հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը ներկայացրեց Հայաստանում իրականացրած էներգախնայողության միջոցառումները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այն իրականացվել է' գիշերային լուսավորության հին լամպերը փոխարինելով նոր' խնայող լամպերով:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հետաքրքրվեց արեւային փոքր մարտկոցներով, որոնցով հնարավոր է համայնքներում գիշերային լուսավորություն իրականացնել: Հիմնադրամի ներկայացուցիչները որոշակի ժամկետում նշված մարտկոցների համար կատարվող ծախսը կներկայացնեն մարզպետին, որը մտադիր է առաջարկել մարզի համայնքների ղեկավարներին' գիշերային լուսավորության համար օգտվել հենց արեւի պարգեւած էներգիայից: Քննարկամ ընթացքում ցուցադրվեց նաեւ «Վերականգնվող էներգետիկա. ձեռքբերումներ եւ հեռանկարներ» տեսաֆիլմը' մեր երկրում այլընտրանքային էներգիայի ներուժի մասին:

13:46 Հուլիս 01, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news