Պաշտոնյա` Հայաստանից ջուր դուրս չի գալիս

Պաշտոնյա` Հայաստանից ջուր դուրս չի գալիս

ԷկոԼուր

Տարվա սակավաջրության, վերագործարկվող 112 խորքային հորերի, ջրի համար գանձվող վճարների և Ազատեկի նախկին ջրագծի խողովակների վերաբերյալ հուլիսի 12-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ԷկոԼուրը զրուցեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի հետ:

Պարոն Ղազարյան, ի՞նչ նպատակով կառավարությունը որոշեց վերագործարկել 112 խորքային հորեր:

 - Այս տարի սակավաջուր տարի է, ինքնահոս ջրերի պաշարները սովորականից քիչ են, դրա պատճառով Ախուրյանի ջրամբարը չի լցվել, Արաքս գետի ջրատվությունը բավականին քիչ է, սա առաջացնում է ջրի դեֆիցիտ, և ոռոգումը կարող է ձախողվել: Կառավարություն հաշվարկ ներկայացվեց՝ որքան լրացուցիչ ջուր է պետք, որպեսզի կարողանանք ավարտել ոռոգման սեզոնը: Արդյունքում գնահատվեց 112 խորքային հոր, որոնք նախկինում գործող են եղել, բայց չեն օգտագործվել, քանի որ ունեցել ենք ինքնահոս ջուր: Այս տարի կառավարությունը ֆինանսավորում է հոսանքի գումարը, և այդ 112 հորերը պետք է լրացուցիչ ջուր մատակարարեն, որպեսզի մենք կարողանանք փակել ջրի դեֆիցիտը: 

Իմաստը ո՞րն է՝ մի կողմից փակել խորքային հորերը, իսկ մյուս կողմից՝ բացել:

 - Այն հորերը, որոնք փակում են՝ արտեզյան ավազանի բարձր ճնշում ունեցող խորքային հորերն են, մեր վերականգնվող հորերը այդ ավազանի հետ բացարձակ կապ չունեն և բարձր ճնշում ունեցող ջրեր չեն, սրանք մեր սովորական հորերն են, որոնք  միշտ օգտագործել ենք` ցածր ճնշում ունեցող պոմպերով վերցված ջուրը: Սրանք բոլորովին տարբեր մակարդակներով ջուր է, և մեկը մյուսի հետ կապ չունի: 

Նոր հորերի վերագործարկումը չի՞ նպաստի ավազանի վիճակի վատթարացմանը:

 - Միանշանակ ոչ:

Եթե հաջորդ տարիներին սակավաջրության խնդիր չլինի, այդ հորերը կրկին աշխատելո՞ւ են:

 - Ոչ, եթե մենք ունենանք ինքնահոս ջուր, ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիա ծախսենք, այնտեղից ջուր հանենք: Մենք կօգտվենք ինքնահոսից, բայց այս հորերը միշտ եղել են դոտացիոն, երբ ինքնահոս ջրերը սակավ են եղել, այս հորերը աշխատացրել ենք: Նախկինում էլ են աշխատել, բայց կարճ ժամանակով, եթե ջուրը շատ է լինում: Բայց այս տարի ունենք բավականին մեծ դեֆիցիտ: Այս հորերը 5 ամիս 24 ժամ պետք է աշխատեն: 

Նշեցիք, որ տարին սակավաջուր է, բայց մենք տեսնում ենք, որ անձրևներ էլ են եղել, ձյունն էլ ժամանակին եկել, հալչել է: Որտեղի՞ց առաջացավ ջրի դեֆիցիտը:

 - Եթե ձյան հալոցքը չի համընկնում անձրևների հետ, սելավ չի առաջանում: Եթե առանց անձրևի ձյունը հանգիստ արևի տակ հալչում է, նա ավելի շատ ներծծվում է, և այդ ջուրը ջրամբար չի հասնում, իսկ երբ անձրևն ու ձյան հալոցները համընկնում են, այդ դեպքում առաջանում է սելավ: Հենց սելավն է, որ բերում է մեծ քանակի ջուր և ջրամբարները լցվում են: 

Ինչո՞ւ պետք է գյուղացին վճարի ջրի համար, երբ գետն անցնում է նրա տան կողքով: Շատ գյուղացիներ բարձրացնում են հենց այդ խնդիրը:

 - Մեր բոլոր ռեսուրսները, այդ թվում և ջուրը՝ հանրային հարստություն են, ինչ որ մեկի հարստություն չէ, որ մեկի տանը մոտ լինի՝ ձրի օգտագործի: Օրինակ, Խաչիկ գյուղը ի՞նչ մեղք ունի, որ և սահման է պահում, և ջուր չունի: Ով մոտ լինի, ձրի լինի, իսկ Խաչիկի համար ծախս անենք, գումարով տանք: Դա ասողը լուրջ մարդ չի: 

Նախկինում բնակիչները չեն վճարել ջրի համար, հիմա դժվարությամբ են վճարում: Ինչպե՞ս է այդ կոնֆլիկտը լուծվելու:

 - Պետք է վճարեն...այդ ջուր մատակարարողները իրենց նման գյուղացի են, իրենք էլ երեխա ունեն, իրենք էլ ուսանող ունեն, իրենք էլ հոսանքի փող պետք է տան,  իրենք էլ հաց պետք է ուտեն: 

Բայց եթե գյուղացին չի կարողանում վճարել ջրի համար, այդ ջուրը հոսում և գնում է հարևան երկրներ:

- Չկա նման բան:

Ո՞ւր է այդ դեպքում գնում ջուրը:

- Ոչ մի տեղ: Հայաստանից ջուրը դուրս չի գալիս: Գարնանը սելավների ժամանակ հասկանալի է, որ մենք այդքան ջրամբարներ չունենք, ամբողջ ջրերը պահենք, որոշ քանակությամբ ջուր դուրս է գալիս, բայց այս տարի և ընդհանրապես, երբ սակավաջուր տարի է լինում և սելավ չի առաջանում, Հայաստանից ջուր դուրս չի գալիս: Արաքսը մեր սահման չի էլ մտնում, սահմանով է անցնում, մենք օգտվում ենք ավելի շատ, ոչ թե իրեն ջուր ենք տալիս:

ԷկոԼուրի դիտարկում. «Հայաստանի գետերը Հարավային Կովկասի խոշոր գետերի՝ Արաքսի և Քուռի վտակներն են». «2002 թ. Հայաստանի շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ազգային զեկույց», բաժին 3, «Մակերեսային և ստերերկրյա ջրերի վիճակը», 2003 թ., Երևան:



14:07 Հուլիս 16, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news