ԷկոԼուր
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վինսթոն Յուն տեղյակ չէ Գառնի համայնքի բնակիչների բողոքի մասին՝ կապված բանկի կողմից ֆինանսավորվող Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հետ:
Ծրագրի սոցիալական և բնապահպանական ռիսկերի վերաբերյալ ԷկոԼուրը հունիսի 12-ին զրուցեց Վինսթոն Յուի հետ:
ԷկոԼուր.
- Բանկը ուսումնասիրե՞լ է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Գառնիի և հարակից համայնքների վրա:
Վինսթոն Յու.
- Իհարկե, մենք ուսումնասիրել ենք Քաղցրաշենի ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցությունը: Ակնհայտ է, որ կարող են լինել տարաձայնություններ: Դա է պատճառը, որ Համաշխարհային բանկը ծրագրերի իրականացման գրասենյակի հետ միասին գնում ենք տվյալ համայնքներ, որպեսզի լսենք մարդկանց ձայնը: Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի համայնքները լինեն այս սխեմաների իսկական սեփականատերերը: Հակառակ պարագայում, ըստ իս, ընդհանրապես իմաստ չի լինի նման ծրագրեր իրականացնել, եթե համայնքները բավարարված չեն այս ծրագրերով:
ԷկոԼուր.
- Այս պարագայում համայնքները բավարարված չեն այս ծրագրով, և համայնքներում հետագայում սակավաջրության արդյունքում կարող է սոցիալական վիճակի կտրուկ անկում տեղի ունենալ: Դա համապատասխանո՞ւմ է բանկի ստանդարտներին:
Վինսթոն Յու.
- Տվյալ դեպքում ես իմ անհամաձայնությունը կարտահայտեմ, որովհետև անհրաժեշտ է նայել վերլուծական տվյալներին, փաստերին: Մենք ծրագրերի իրականացման գրասենյակի հետ միասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել համայնքի բնակչության հետ, և ես գիտեմ, որ Գառնի համայնքը բավարարված է այս ծրագրով: Եթե Դուք ունեք այլ տվյալներ և փաստեր, խնդրում եմ ներկայացրեք:
ԷկոԼուր.
- Գառնիի բնակիչների բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջով արգելել այդ ծրագրի իրականացումը:
Վինսթոն Յու.
- Ես ԷկոԼուր կայքում տեսել եմ հաղորդագրություն, որ Գառնիի բնակիչները նամակ են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, բայց բուն նամակը չեմ տեսել: Մենք վերջին ամսում փորձել ենք համայնքային մոնիտորինգի սխեմա մշակել, որը ներառելու է իր մեջ համայնքի բնակիչներին: Եթե ծրագրի իրականացման ընթացքում ինչ-ինչ մտահոգություններ առաջանան, համայնքի բնակիչները կկարողանան անմիջապես ներգրավվել և բարձրացնել իրենց մտահոգությունները: Հիմնական մտահոգությունները կապված են շրջակա միջավայրի հետ, և արդյո՞ք բավարար բնապահպանական ջրային հոսք կլինի տվյալ համայնքում: Ես ուսումնասիրել եմ բազմիցս, վերանայել եմ այս տվյալները, և տվյալները հուշում են, որ բավարար հոսք կլինի տվյալ համայնքում: Որպես կանխարգելման միջոցառում մենք առաջարկել ենք, որպեսզի համայնքը կառավարության հետ միասին մասնակցի այդ մոնիտորինգի աշխատանքներին:
ԷկոԼուր.
- Որտե՞ղ կարող ենք Ձեր ուսումնասիրության արդյունքները կարդալ:
Վինսթոն Յու.
- Ուսումնասիրությունը դեռ վերջնական տեսքի բերված չէ:
Հունիս 17, 2015 at 13:29