Սայաթ-Նովա համայնքի 130 հա մշակովի հողատարածքները ոռոգման ջրի խնդիր ունեն

Սայաթ-Նովա համայնքի 130 հա մշակովի հողատարածքները ոռոգման ջրի խնդիր ունեն

ԷկոԼուր

Սայաթ-Նովա համայնքի 130 հա մշակովի հողատարածքները ունեն ոռոգման ջրի խնդիր: Այդ մասին ԷկոԼուրին հայտնեցին Սայաթ-Նովա համայնքի բնակիչները` սույն թվականի ապրիլի 23-ի համայնքում կայացած հանդիպման ժամանակ: Նրանք նշեցին, որ ոռոգման ջրի խնդիրը սրվել է ձկնաբուծարնների շահագործման հետևանքով:

Համայնքում գործող 4 ձկնային տնտեսություն Արարատյան արտեզյան ավազանից օգտագործում են 193,45 միլիոն խմ ջուր`շահագործելով 49 խորքային հոր: Այդ տնտեսությունները պատկանում են` «Մաքս ֆիշ» ՍՊԸ-ին (՝ 70,7մլն.խմ /11 խորքային հոր/), «Գոլդեն ֆիշ-Կ» ՍՊԸ-ին (66,06 մլն.խմ/20 խորքային հոր), «Մասիս ձուկ» ՍՊԸ-ին (20,2 մլն.խմ, 7 խորքային հոր/) և «Բիգամա ֆրուտ հայ-ռուսական» ՀՁ-ին (3,37 մլն. խմ, 2 խորքային հոր):

«Ձկնաբուծության համար անխնա ջրօգտագործման հետևանքով արտեզյան հորերի մակարդակն իջել է, ջրի ծավալը նվազել: Մենք զրկվել ենք բավարար քանակի ջուր ունենալու իրավունքից: Ոտնահարվել է աշխատանքի և սեփական եկամուտ ունենալու մեր իրավունքը»,- նշել են բնակիչներն՝ ի պատասխան ԷկոԼուրի կողմից անցկացված հարցադրումների:

Սայաթ-Նովայի համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը ԷկոԼուրի հետ հանդիպման ժամանակ նշեց. «Մենք ոռոգման ջուրը Հրազդանից ենք վերցնում, իսկ լճատերերը մեզ հարկ են տալիս: Համայնքի բյուջեն կախված է դրանից, դրանով ենք գոյատևում, կարողանում մանկապարտեզ պահել: Մեզ դոտացիա քիչ են տալիս, մենք չենք կարող մանկապարտեզ պահել, 70 երեխա կմնա փողոցում: 5 միլիոն դրամ էլ մեր տարեկան հարկերն են, որ շատ քիչ է: 5 միլիոնով ի՞նչ կարող ենք անել: Ոչ մի բան: Ուզում եմ ասել, որ եթե այնպես անենք, որ ձկնաբուծարանները փակվեն, մեր ոչ մի հարց չի լուծվի»:

«Երբ համայնքները լճերի համար տարածքներ էին տալիս, պետք է այնպիսի տարածքներ տային, որ հնարավոր լիներ գյուղի տարածքները լճերից դուրս եկող ջրով ոռոգել: Թե չէ հիմա էդ ջրերը գնում են Զանգու, հետո էլ լցվում Արաքս»,- ասաց Սայաթ-Նովայի ավագանու անդամ Վլադիմիր Խաչատրյանը` հավելելով, որ հարակից ձկնաբուծարաններում համայնքից 6-7 բնակիչ են աշխատում:

Համայնքի ոռոգման համակարգը հիմնականում սպասարկում է «Երևան» ՋՕԸ-ի Մասիսի տեղամասը` Հրազդան գետից մեխանիկական եղանակով պոմպերի միջոցով կատարվող ջրառով: Պոմպերի խափանման և հոսանք չլինելու դեպքում համայնքը զրկվում է ոռոգման ջրից:

Տնամերձ հողատարածքները ոռոգվում են հողատարածքներում առկա գրունտային ջրերով:

Համայնքապետը բարձրացրեց ձկնաբուծարաններից դուրս եկող ջրով հողերի ոռոգման խնդիրը: 2018թ.-ից Սայաթ-Նովա համայնքի 60 հա հողատարածքների ոռոգումն իրականացվում է «Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերով՝ 7 կետից: Այս աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ -ի ֆինանսավորմամբ, «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) և «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրերի, և Հայ Օգնության Ֆոնդի շնորհիվ:

Ըստ համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանի, ծրագրի շրջանակներում կառուցվել է 1200 մ երկարությամբ խողովակաշար, որն ապահովում է 60 հա հողատարածքի ոռոգումը: Խնդիրն այն է, որ 190 հա տարածքի ոռոգումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կառուցել 400մմ տրամաչափի 1200 մ երկարությամբ խողովակաշար:

Համայնքապետի ստորագրությամբ ԷկոԼուր-ին ուղղված նամակում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, համայնքի հետագա զարգացման՝ մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար, եւ քաջատեղյակ լինելով հովանավորությամբ կատարված բարեգործական աշխատանքներին, հույսով ու մեծ հավատքով, դիմում ենք աջակցություն ստանալու կապակցությամբ: Տեղեկացնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի (այսուհետ ԳԱՏՕ ծրագիր) շրջանակներում համայնքում կառուցվել է ջրագիծ՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը գյուղատնտեսության մեջ օգտագործելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական գործողությունները.

1.Կառուցել պոմպակայան՝ 3 կենտրոնախույս պոմպերով ձկնաբուծարանի վերջին ավազանի հարևանությամբ:

2.Կառուցել ջրագիծ պոմպակայանից մինչեւ հին ոռոգման համակարգի վերին հատվածը, որտեղից ջուրը կբաշխվի գոյություն ունեցող առուներով` ինքնահոս եղանակով:
Ամբողջ համայնքի հողատարածքները ոռոգելու նպատակով (շուրջ 190 հա), պետք է կառուցվի 2400 մ խոխովակաշար` 400 մմ տրամաչափի խողովակներով։

ԳԱՏO ծրագրի շրջանակներում, գումարի սղության պատճառով, կառուցվել է 1200մ խողովակաշար, որը ոռոգում է 60 հա հողատարածք։ Ծախսված գումարը կազմում է 56 705 200 (հիսունվեց միլիոն յոթ հարյուր հինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: Համայնքն իր միջոցների հաշվին ձեռք է բերել ենթակայան և իրականացրել է բոլոր հողային աշխատանքները: Համայնքի կողմից ծախսված գումարը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

Մեր խնդրանքը կայանում է նրանում, որ շարունակենք ջրագծի կառուցումը, որի համար անհրաժեշտ է 400 մմ տրամաչափի 1200 մ խողովակ, որի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ: Դրա հետ կապված հողային աշխատանքները կիրականացվի համայնքի կողմից:

Վերը նշված ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում համայնքում շուրջ 190 հա հողատարածքի դեգրեդացիան կկանխվի, կստեղծվեն աշխատատեղեր, բոլոր հողօգտագործողները առանց հապաղելու կմշակեն տարբեր տեսակի կուլտուրաներ»:

Սայաթ Նովա համայնքն ունի նաև խմելու ջրի խնդիր: Խմելու ջրի ներհամայնքային ցանցն ունի անհետաձգելի վերանորոգման անհրաժեշտություն: Կեղտաջրերի ներթափանցումը խմելու ջրի ցանց կարող է դառնալ վարակիչ հիվանդությունների պատճառ։ Խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերականգնման համար, ըստ Սայաթ Նովայի 2017-2021թթ. զարգացման ծրագրի, 300 միլիոն դրամ է անհրաժեշտ: Ներկայումս համայնքի ոչ բոլոր տներում է ծորակներից ջուր հոսում, խմելու ջուրը կամ բերում են Մասիսից, կամ ջուր ունեցող հարևաններից:

Սույն  նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

17:55 Մայիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news