Բնապահպանական տեսչությունը չի նկատել, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցվում է հատուկ պահպանվող տարածքում

Բնապահպանական տեսչությունը չի նկատել, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցվում է հատուկ պահպանվող տարածքում

ԷկոԼուր

«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը կառուցվում է «Իջեւան» եւ«Արջատխլենու»  հատուկ պահպանվող տարածքներում:  Միեւնույն ժամանակ նախագծում նշված է, որ «ՀԷԿ-ի կառուցման տարածքում հատուկ պահպանվող տարածք չկա»: Այս հակասության հետ կապված «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է արել Բնապահպանության նախարարությանը: Նամակում մասնավորապես ասված է. ««Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» Փոքր ՀԷԿ-ի կառուցումն իրականացվում է երկու պետական արգելավայրերի՝ «Իջևանի» և «Արջատխլենու» տարածքում, սակայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան»:  Արգելավայրերի գոյության և նրանց վրա հնարավոր ազդեցության մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ, ինչը մեր կարծիքով հակասում է «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, որով սահմանվում է. «ՀՀ-ում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»:

Նախագծում գրված է նաև, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու ընթացքում անխուսափելի են խոշորամասշտաբ ծառահատումները, որոնց արդեն բնապահպանները ականատես են եղել և տեսանկարահանել:

Փաստորեն բնապանպանական փորձաքննությունն ըստ էության չի անցկացվել և բացահայտ խախտվել է նաև «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի. «Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի.

ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում, մասնավորապես՝ կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի»:

Ելնելով հարցի կարևորությունից, խնդրում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Ինչու՞ և ի՞նչ հիմքով է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը թույլատրել մասնավոր ընկերությանը պետական արգելավայրի տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու` առանց գնահատելու դրա վտանգները էկոհամակարգերի վրա:
             
2. Ինչու՞ դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, պատասխանատվության չեք ենթարկում «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի տնօրենին և այն փորձագետներին, ովքեր սուտ և կեղծ տեղեկություններ են ամրագրել ընկերությանը տրված բնապահպանական փորձաքննության մեջ:
            
3. Ո՞վ և ո՞ր կառույցն է ստանձնելու և հատուցելու շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասները, արդյո՞ք ՀՀ բնապահպանության նախարարությունն իրեն մեղավոր չի զգում այս հարցում:
            
4. Ներկայումս ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ձեր կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ կողմից Գետահովիտ համայնքին հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ»:

17:57 Հոկտեմբեր 17, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news