Ակտիվիստները պահանջեցին չեղյալ համարել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի թույլատրող փաստաթղթերը

Ակտիվիստները պահանջեցին չեղյալ համարել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի թույլատրող փաստաթղթերը

ԷկոԼուր

Ակտիվիստները հատուկ կարծիք հայտնեցին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ: Նշենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրի ուսումնասիրության համար Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվեց աշխատանքային  խումբ, որի մեջ մտան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ: Նրանք պահանջեցին չեղյալ համարել «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի թույլատրող փաստաթղթերը:

Ներկայացնում ենք «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի խնդրի վերաբերյալ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հատուկ կարծիքը:

«Առաջարկությունների ներածական մասում նշված է, որ ըստ հրամանի սույն աշխատանքային խումբը ստեղծվել է Տավուշի մարզի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման հետ կապված տարաձայնություններն ուսումնասիրելու և ծագած խնդիրներին լուծումներ առաջարկելու համար: 
Սակայն Հրամանի 2-րդ կետով խմբի ղեկավարին հանձնարարվել է` 10-օրյա ժամկետում ուսումնասիրել Տավուշի մարզի «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի համապատասխանությունը տեղեկանքին: Ինչպես առաջարկությունների եզրափակիչ մասից երևում է, աշխատանքային խմբին որոշ փաստաթղթեր են պետք ընկերությանը տրամադրած փաստաթղթերի հիմնավորվածությունը ստուգելու համար:

Մեր կարծիքով, այդ փաստաթղթերը արդեն իսկ պետք է առկա լինեին ՀՀ բնապահպանության նախարարությունում: 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նախարարն իր բանավոր խոսքում նշեց, որ խմբի ստեղծման նպատակը պետք է լինի`

ա) իրավիճակի գնահատում. ինչ փաստաթղթեր կան գործում, ինչ փաստաթղթեր չկան, որոնք պետք է լինեն օրենքով սահմանված կարգի համաձայն,

բ) հիմնախնդիրների բացահայտում. հատուկ պահպնավող տարածքներ կան տվյալ տարածքում, թե` ոչ, եթե այո, ապա պարզել դրանց գտնվելու վայրը և կատարել սահմանների հստակ ճշգրտում,

գ) եթե աշխատանքային խմբի կողմից կբացահայտվեն խախտումներ, բացթողումներ, չարաշահումներ, ապա հարցին իրավական գնահատական տալու նպատակով գործն ուղղարկվելու է իրավապահ մարմիններին` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Ներկայացված աշխատանքային նախագծի և նրա բնապահպանական մասի ուսումնասիրության ընթացքում մեզ պարզ դարձավ, որ դրանք կազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ն՝ ի դեմս այն կազմող փորձագետի, ակնհայտ սխալ և իրար հակասող տվյալներ է տրամադրել ընկերությանը, որն էլ այդպես ներկայացրել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Օրինակ՝

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի բնապահպանական մասի 27-րդ էջում գրված է. «ՀԷԿ-ի կառուցման տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան», իսկ նախագծի 25 –րդ էջում, որ սահմանված արգելավայրերում կամ արգելավայրերի հարևանությամբ շինարարության առկայություն չկա: Սակայն անմիջապես այդ տարածքում է գտնվում Իջևանի արգելավայրը, ինչը պարզ երևում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում նշված արգելավայրի տեղադիրքի նկարագրությունից (Տեղադիրքը- ՀՀ Տավուշի մարզ, հյուսիսային Հայաստան, Իջևանի լեռնաշղթայի լանջերը, Աղստև գետի ավազան, 900-2100մ. բարձր. վրա): Այդ տարածքի անմիջական հարևանությամբ է գտնվում նաև Արջատխլենու արգելավայրը: Արգելավայրերի գոյության և նրանց վրա հնարավոր ազդեցության մասին նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ, ինչը մեր կարծիքով հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջին:

Նախագծում նշված է նաև, որ «Շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա նույնպես ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ այնտեղ չկա ու չի եղել, իսկ 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը անցկացնելու համար ծանր տեխնիկայով ճանապարհ բացելու ընթացքում արդեն արմատախիլ են արվել մեծ թվով ծառեր, որոնց ականատես են եղել Գետահովիտի բնակիչներն ու բնապահպանները, ինչպես նաև սույն աշխատանքային խմբի հինգ անդամ՝ տեղազաննության ժամանակ (տեսանկարահանվել և լուսանկարվել են): Մենք, արդեն այս պահին բացված ճանապարհի վերջնակետից շարունակել ենք գնալ մինչև ՓՀԷԿ-ի ջրառի կետը, որը կազմում է ևս մոտ 800 մետր, և համոզվել, որ այնտեղ նույնպես ոչ մի ավտոճանապարհ չկա ու խողովակաշարերը անցկացնելու դեպքում նորից արմատախիլ կարվեն մեծ քանակության ծառեր, այսինքն ընկերությունը շարունակվելու է շրջակա միջավայրին վնաս հասցնելով անցկացնել խողովակաշարերը:

Նախագծի բնապահպանական մասի 7-րդ էջում նշված է, որ շինարարական աշխատանքների ոչ մեծ ծավալի պատճառով ծանր շինարարական տեխնիկա և տրանսպորտ չի օգտագործվելու, սակայն տեղազննության ժամանակ և դրանից առաջ մենք արձանագրել ենք, որ կար շինարարական տեխնիկա և վերջիններիս միջոցով էր արմատախիլ արվել ծառերը և ճանապարհ բացվել խողովակաշարերի համար:

Նախագծում նշված բուսական և կենդանական աշխարհի նկարագրությունը ոչ մի կապ չունի այդ տարածքի հետ, բացի այդ ոչ մի խոսք չկա կենսաբազմազանության վրա ազդեցության մասին:

Նախագծի բնապահպանական մասի 2-րդ էջում նշված է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքներում, սակայն հանրային լսումներ անցկացվել են միայն Ենոքավան համայնքում:

Փաստորեն ներկայացվել են ակնհայտ սխալ տեղեկություններ և ոչ լիարժեք փաստաթղթեր (օրինակները բազմաթիվ են, նշել ենք հույժ կարևորները), բնապահպանական փորձաքննություն էլ ըստ էության չի անցկացվել և բացահայտ խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկեր նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում, մասնավորապես՝ կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի: Այսինքն այս յուրաքանչյուրի վերաբերյալ պետք է լիներ համապատասխան մասնագիտական եզրակացություն, որոնք բացակայում են սույն գործում:

Մեր և սույն աշխատանքային խմբի այս կարճաժամկետ գործունեության ընթացքում պարզ դարձավ, որ մինչև «Խաչաղբյուր-2» Փոքր ՀԷԿ-ի աշխատանքային նախագծին բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն տրամադրելը, բացակայում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության եզրակացությունը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով պահանջվող փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը` անկախ փորձագետի կողմից,  ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության ՓԲԸ-ի մասնագիտական եզրակացությունը:

Ընկերության աշխատանքային նախագծում նշված է, որ երկրաբանական խախտումների կանխման նպատակով իրականացվել է երկրաբանական և հիդրոերկրաբանական հետախուզում, սակայն գործում առկա չեն տվյալ հետախուզման տվյալներն ու եզրակացությունը: Սակայն, մեր կարծիքով դրանք շատ կարևոր են, քանի որ Պաղջուր գետը տիպիկ լեռնային գետ է, V-աձև հովիտով, որտեղ է գտնվում Հայաստանի ամենակտիվ և վտանգավոր սողանքային գոտիներից մեկը: Զառիթափ լանջերի հատումը, որին մենք ականատես եղանք թե տեղազննության, թե դրանից առաջ, բերելու է նոր փլվածքների առաջացման և սողանքների ակտիվացման: Որևէ ձևով կամ որևէ փաստաթղթում նշված չէ տվյալ տարածքի դիրքը հանրապետության սեյսմիկ գոտիավորման քարտեզի համաձայն:

Այս տվյալները պարտավոր էր պարզել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մինչև իր կողմից փորձաքննական եզրակացություն տրամադրելը, ինչը չի կատարել:

Բացի այդ, գործում բացակայում է նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերության ջրի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հասարակայնության ծանուցման և անցկացված հանրային լսման արդյունքները, ինչը պահանջվում է ՀՀ կառավարության 07.03.2003թ. N218-Ն որոշմամբ:

«Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձաքննական դրական եզրակացության փորձաքննական պահանջներում նշված է, որ եթե նախատեսվող գործունեության շինարարության կամ շահագործման փուլում հայտնաբերվեն ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակներ առաջնորդվել ՀՀ կառավարության 29.01.2010թ. հ. 72-Ն որոշմամբ, իսկ հողի բերրի շերտի օգտագործումը կատարել համաձայն ՀՀ կառավարության 08.09.2001թ. հ.1396-Ն որոշման:

Սակայն թե տեղազննությունից առաջ, թե տեղազննության ժամանակ մենք ականատես եղանք, որ նույնիսկ այս պահանջների կատարումն ապահովված չէր և գործում բացակայում են պահանջվող փաստաթղթերը՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների տեսակների մասին տեղեկատվությունը, հողի բերրի շերտի օգտագործման վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ համաձայնությունը և այդ նպատակով տրված հողհատկացման փաստաթղթերը:

Բացի այդ, սույն առաջարկություններով աշխատանքային խումբը չի պատասխանում նաև այն հարցին, թե ո՞վ և ո՞ր կառույցն է ստանձնելու և հատուցելու շրջակա միջավայրին արդեն իսկ հասցված վնասները:

Ելնելով վերոշարադրյալից, մենք պնդում ենք, որ պետք է այս հիմքերի առկայության պարագայում չեղյալ ճանաչել ոչ միայն ընկերությանը 23.08.2012թ. տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը (h.70), այլ նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրի օգտագործման թույլտվությունը, ՀՀ հանրային ծառայությունների կողմից տրված լիցենզիան, Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից հողհատկացման երեք որոշումները, այսինքն բոլոր հիմքերը, որոնք տրվել են ընկերությանը բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալելու համար: Այս նպատակով ՀՀ բնապահպանության նախարարը պետք  է համապատասխան առաջարկություններով  դիմի նաև այդ լիազոր մարմիններին, որպեսզի չեղյալ ճանաչվեն այդ փաստաթղթերը ևս:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

25.10.2012թ.»:

13:21 Հոկտեմբեր 29, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news