Քրեական գործ`«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության հետ կապված

Քրեական գործ`«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության հետ կապված

Ոսկան Սարգսյան, Առավոտ

Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որը կապված է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի հարակից տարածքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների հետ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածով («Հողը փչացնելը») եւ 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը,որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում»): Քրեական գործով նշանակված է փորձաքննություն: 2012 թվականի մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում ,«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է: 2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն: Գետահովտի բնակիչները բողոքել են «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ, որ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում գետի ձկնային պաշարները: Բողոքները մարեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել: «Մեգաէներջին» Գետահովտում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է:

15:58 Դեկտեմբեր 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news