Նախաձեռնությունները «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրով դիմել են Օմբուդսմենին

Նախաձեռնությունները «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի խնդրով դիմել են Օմբուդսմենին

ԷկոԼուր

«Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ: Դիմումում մասնավորապես նշված է.

 «Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ դեռևս 03.10.2012թ. դիմել էին Ձեզ` իրավական օգնություն ստանալու ակնկալիքով: Այդ դիմումի հիման վրա դուք դիմել եք ՀՀ բնապահպանության նախարարին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան կառույցներին հանձնարարել ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել տեղեկություններ իրավական հիմքերի չպահպանման վերաբերյալ: Սակայն մինչև օրս Գետահովիտ համայնքի բնակիչներն ու հանրությունը տեղեկացված չեն, թե ՀՀ բնապահպանության նախարությունն ինչ տեղեկատվություն է տրամադրել Ձեզ և Ձեր կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվել Գետահովիտ համայնքի բնակիչների օրինական և արդարացի պահանջները վեր բարձրացնելու և իրավական լուծումներ տալու ուղղությամբ:

Հետագայում, արդեն Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանների կողմից ներկայացված հիմնավորումների ու բողոքների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հոկտեմբերի 26-ի հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչվեց (չեղյալ համարվեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն դրանից հետո մնացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխան չի տրվել ոչ ՀՀ բնապահպանության նախարարության, ոչ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի, ոչ էլ` ՀՀ ոստիկանության կողմից:

«Մեգաէներջի» ՍՊԸ-ը «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի ու դրանց բուֆերային գոտիների տարածք էր մտցրել ծանր տեխնիկա, աղավաղել անտառային լանդշաֆտը, ոչնչացրել զգալի թվով ծառեր http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L9cfKZGXDNE#!  ու վնասել շրջակա միջավայրը: Ավելորդ չենք համարում նշել, որ այդ ամենի մասին ոչ միայն նշված չի եղել նախագծային փաստաթղթերում, այլ ընդհակառակը, նշված է եղել որ տարածքում չկան բնության հատուկ պահպանվող տարածքներ, իսկ ծառահատումների կարիք չկա, քանի որ խողովակաշարը անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ:

Բացի այդ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասը կազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ը` ակնհայտ սխալ և իրար հակասող տվյալներ ու տեղեկություններ էր տրամադրել և՛ ընկերությանը, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին, և մեր կարծիքով իրավական գնահատական պետք է տրվեր նաև «ԷՌԱ» ՍՊԸ-ն նման աշխատելաոճին, և ՍՊԸ-ն փորձագետ (ները) ևս պետք է պատասխանատվություն կրեին:

Սակայն այդ ամենը չի արվել, այլ ընթացք է տրվել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծին, որի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի են ունեցել հասարակական լսումներ, http://www.youtube.com/watch?v=it-CEEg1qXc  որի ընթացքում ներկա գտնվող բնակչության 99 տոկոսը դեմ են արտահայտվել վերը նշված նախագծին: Գետահովիտ համայնքի թվով 1077 բնակիչներ իրենց այդ նույն կարծիքը դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին գրավոր ներկայացրել էին նաև ՀՀ նախագահին: Իսկ այդ լսումների մոտ 130 մասնակիցների ստորագրություններով հաստատված դիմումը և կարծիքը 26.12.2012թ. գրավոր ներկայացվել է բնապահպանության նախարարին, որով առաջարկվել է անհապաղ մերժել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր աշխատանքային նախագիծը և այլևս չանդրադառնալ այդ նախագծի քննարկմանը:

2013թ. հունվարի 11-ին մեր նախաձեռնությունների կողմից հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ ոստիկանությանը, որը ուղարկվել է Տավուշի մարզային վարչություն (Իջևանի բաժին): 2013թ. փետրվարի 2-ին մենք ներկայացել և բացատրություն ենք գրել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, ինչպես նաև լրացուցիչ նյութեր ենք ներկայացրել հետաքննիչին: Մեր կողմից կրիչով ստորագրությամբ հանձնել ենք` լուսանկարներ, տեսաձայնագրություններ և գործին առնչվող այլ փաստաթղթեր: Ոստիկանության բաժնում պարզվեց որ մինչ այդ, նույն հարցով Տավուշի մարզային վարչություն են դիմել նաև Գետահովիտ համայնքի մի շարք բնակիչներ, սակայն բողոքին ընթացք չի տրվել: Իսկ մեր ներկայացրած հաղորդումից անցել է արդեն չորս ամիս, սակայն գործը դեռևս գտնվում է հետաքննության փուլում:

Այնուամենայնիվ, չնայած մեր նախաձեռնությունների և Գետահովիտ համայնքի բնակիչների բոլոր բողոքների, 2013թ. մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցան «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նոր նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական լսումներ, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարը «Մէգաէներջի» ՍՊԸ-ից և մյուս մասնակիցներից պահանջեց 5-օրյա ժամկետում իրեն պարզաբանումներ ներկայացնել որոշ հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացվել են նշյալ մասնագիտական լսումների ժամանակ: ՀՀ բնապահպանության նախարարի խոսքով` սույն փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ որոշումը կընդունվի` «հիմնվելով խնդրի կարևորության, հանրության կարծիքի և ստացված պարզաբանումների վրա»: Մեր նախաձեռնությունների անունից 20.03.2013թ. ներկայացրել ենք մեր գրավոր կարծիքը նշյալ նախագծի և լսումների վերաբերյալ, սակայն մինչև օրս որևէ արձագանք չենք ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Դրա փոխարեն օրերս մամուլից տեղեկացել ենք, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նոր նախագծին տրվել է դրական եզրակացություն:

Այսպիսով, նկատի ունենալով հարցի կարևորությունն ու հանրային նշանակությունը, դիմում ենք Ձեր իրավական օգնությանը` ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու ակնկալիքով.

1)  Ինչ ընթացքում է գտնվում Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչների 03.10.2013թ. դիմումի քննարկումը: Արդյոք ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանել է Ձեր կողմից բարձրացված հարցերին, եթե այո, ապա հանրայնացրեք այդ պատասխանը:

Միևնույն ժամանակ, խնդրում ենք Ձեզ օգնել մեր նախաձեռնություններին պարզելու.

1) Արդյո՞ք ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից Տավուշի մարզի Պաղջուր (Խաչաղբյուր) գետի հովտում իրականացվել են տեսչական ստուգումներ՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում թույլ տրված բնապահպանական խախտումների բացահայտման և բնության հասցված վնասի հաշվարկման ուղղությամբ, եթե իրականացվել են տեսչական ստուգումներ, ապա Ձեզ տրամադրեն այդ ստուգումների արձանագրությունները:

2)  Ինչու մինչև օրս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը ավարտին չի հասցրել իր հետաքննությունը և ինչու է հետաձգում մեր նախաձեռնությունների կողմից ներկայացված հաղորդման քննարկումը:

3) Ինչու՞ են պետական լիազոր մարմինները բնապահպանության ոլորտում որոշումներ կայացնելիս անտեսում ազդակիր համայնքների բնակիչների կողմից արտահայտված ակնհայտ բացասական կարծիքը, խախտում նրանց սահմանադրական իրավունքները և պաշտպանում բացառապես բիզնես շահը:

Մեր կարծիքով, հանրային լսումները գործնականում անցկացվում են միայն օրենքի պահանջի կատարման նպատակով, բայց բովանդակային և իրավական առումով՝ այդ լսումների արդյունքները՝ բնակչության ու ներկա գտնվող մասնագետների կարծիքները գրեթե հաշվի չեն առնվում որոշումներ կայացնելիս:

Այսպիսով, դիմելով Ձեզ խնդրում ենք քննարկման առարկա դարձնել մեր կողմից բարձրացված հարցերը և օգնել Գետահովիտ համայնքի բնակիչներին իրականացնելու իրենց իրավունքները և տեղ հասցնել բողոքի ձայնը:

Կից ներկայացվում են`

1) ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանի,

2) Մեր նախաձեռնության և Գետահովիտի բնակիչների հատուկ կարծիքի,

3) Աշխատանքային խմբի եզրակացության,

4) ՀՀ գլխավոր դատախազություն ու ՀՀ ոստիկանություն ներկայացրած հաղորդոոմների,

5) Լսումների վերաբերյալ մեր նախաձեռնության կարծիքների պատճենները»:

15:06 Մայիս 17, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news