Հայտնի է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների օրը

Հայտնի է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումների օրը

 

ԷկոԼուր
 
2014 թվականի փետրվարի 17-ին` ժամը 12.00-ին,  ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետարանում տեղի կունենան «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի փոփոխված աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումները: Նախագիծը ներկայացրել է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն:
ՓՀԷԿ-ը կառուցվում է Իջեւանի արգելավայրի տարածքում եւ հարակից է Արջատխլենու արգելավայրին: Սակայն ինչպես նախորդ, այնպես էլ նոր նախագծում այս մասին խոսք չկա: «Ուսումնասիրվող տարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր չկան) չկան»,- նշված է նախագծում: Նախորդ նախագծում նշված էր, որ շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չի լինելու: Համաձայն նոր նախագծի` ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում հատվելու է 191 ծառ եւ մանր թուփ: Ուսումնասիրվող տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ բուստեսակներ չեն հայտնաբերվել: Ինչ վերաբերում է ձկնային պաշարներին, ապա, ըստ նախագծի, գետում ձկնաբանական հետազոտություններ չեն կատարվել: «Քանի որ Պաղջուր գետը հանդիսանում է Աղստեւ գետի ձախ վտակը, ուստի կվերցնենք Աղստեւ գետում կատարված հետազոտությունների տվյալները:Գետում հայտնաբերվել է 9 ձկնատեսակ` կովկասյան թեփուղ, հայկական տառեխիկ, սպիտակաձուկ, լերկաձուկ, բեղլու, կարմրախայտ, արծաթափայլ լճածածան»,- նշված է նախագծում:
 
Գետի էկոլոգիական թողքը կազմելու է 0.08մ3/վրկ: Մթնոլորտ է արտանետվելու 8653.2 տ/տարի ածխաթթու գազ (CO2), որը, ըստ նախագծողների, ՀՀ պետբյուջե կարող է բերել 51.9191 հազար Є եկամուտ, քանի որ հնարավորություն է առաջանում միջազգային բորսայում 1տոննա ածխաթթու գազի համար ստանալ 6-15 Є փոխհատուցում: Բնապահպանական միջոցառումների համար նախատեսվող գումարը կազմում է 5.246.500 դրամ:
 
Նշենք նաեւ, որ ՓՀԷԿ-ը գտնվում է սողանքային գոտում ինչ մասին եւս նշված չէ նախագծում: 2013թ-ի հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի  տարածքում 30 տոննա կշռով ժայռաբեկորը ընկել է էքսկավատորի վրա եւ սպանել Էքսկավատորի երիտասարդ վարորդին:

13:41 Փետրվար 15, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news