Հայաստանը կարող է մաքուր դառնալ՝ ունենալով 2.6 միլիարդ եվրո

Հայաստանը կարող է մաքուր դառնալ՝ ունենալով 2.6 միլիարդ եվրո

ԷկոԼուր

Հայաստանի բնակավայրերի կոյուղացման  և մաքրման կայանների տեղադրման համար կպահանջվի շուրջ 2.6 միլիարդ եվրո: «Քանի որ մենք չենք կարող միանգամից ապահովել նման գումար, ապա պետք է քայլ առ քայլ անենք՝ մեր անելիքները ծրագրելով 10-20 տարվա համար՝ առաջնորդվելով «Այժմ մաքրիր այնքան, որքան կարող ես» սկզբունքով»,- կարծում է «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը: Նա ելույթ ունեցավ «Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի հիմնախնդիրները և զարգացման ուղիները» ազգային սեմինարի ժամանակ և հայտարարեց այս ոլորտում կուտակված խնդիրների մասին:

Նրա կարծիքով՝ պետք է սկսել ամբողջ երկրում թեկուզ մեխանիկական մաքրման կայաններ տեղադրելուց:  Աղտոտող նյութերը կլանվում են մաքրման կայանի կողմից որսվող աղբի մեջ: Նա ուշադրություն հրավիրեց Հայաստանի հանգստավայրերի վրա, որոնք շարունակում են մնալ առանց կոյուղաջրերի հեռացման համակարգերի: «Նույնիսկ այն օբյեկտները, ռեստորանները, մեծ համալիրները, որոնք ունեն հարմարավետ սանհանգույցներ, իրենց կոյուղաջրերը թափում են մոտակա գետեր: Այդպես տեղի  է ունենում Աղվերանում, Հանքավանում, Վանաձոր-Բագրատաշեն մայրուղում և այլուր: Լեռնային գետերը թափոնները տանում են ներքև՝ այն վայրեր, որոնք նախատեսված են հանգստի համար, որտեղ, սովորաբար, շատ երեխաներ են լինում: Փաստացիորեն երեխաները լողում են գետում: Երբեմն թափոնները  արտանետվում են հատուկ այդ նպատակի համար փորված ջրաթափանց հորեր, ինչպես դա տեղի է ունենում Սևանա լճի ափին»,- ասաց Մեսրոպյանը: Մասնագետը կարծում է, որ անհրաժեշտ են տնտեսական մեխանիզմներ, որպեսզի ստիպեն բիզնեսին կառուցել օբյեկտներ, որտեղ պլանավորված կլինեն կոյուղաջրերի հեռացման համակարգերը: «Մեր հաշվարկներով դա բիզնեսի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի լինի»,- ասաց Մեսրոպյանը:

16:55 Հուլիս 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news