1 հեկտարի ոռոգումը 130 հազար դրամ արժե, որը գյուղացին չի կարողանում վճարել

1 հեկտարի ոռոգումը 130 հազար դրամ արժե, որը գյուղացին չի կարողանում վճարել

Ինչի մասին խոսեց, եւ ինչի մասին չխոսեց Համաշխարհային բանկի ծրագրի տնօրենը

ԷկոԼուր

«Կառավարության սահմանած ջրի չափաքանակը բերք ստանալու նվազագույն պայման չի ստեղծում… Եթե ուրիշ հողատարածքներին տարվա մեջ 13-15 անգամ ջուրը բավականացնում է, ապա մենք  30-40 անգամ ջուր պետք է  ջրենք, որ մեր բերքի արդյունքը ստանանք, մեր հողերը գերնորմատիվային են…Պետք է այդ նորման բարձրացվի գոնե 2-3 անգամ»,-ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի (ՋՏՊԿ ԾԻԳ) կողմից մայիսի 17-ին Արմավիրի մարզի «Խոյ» ջրօգտագործողների ընկերության տարածք կազմակերպած շրջայցի ժամանակ ԷկոԼուրի  հետ զրույցում բողոքում էին Ակնալիճի բնակիչները: Վերջիններիս խոսքով` գյուղացին հենց այս պատճառով էլ հրաժարվում է հող մշակել:

«Խոյ» ՋՕԸ-ն Արմավիրի մարզում միավորում է 13 համայնքի 5342 ջրօգտագործողների, սպասարկում 5181 հեկտար տարածք: Ջրառն անցյալ տարի կազմել է 69.3 միլիոն խմ: Ընկերությունը շահագործում է  714կմ ներտնտեսային ջրանցք, 25 կմ միջտնտեսային ջրանցք, 103 պոմպային ագրեգատ:

ՀՀ կառավարությունը 1 հեկտար տարածքի ոռոգման համար սահմանել է 9-11 հազար խմ ջուր, մոտ 130.000 դրամ արժողությամբ: 1 խմ-ի համար գյուղացին վճարելու է 11 դրամ: Այն հարցին, թե արդյոք գյուղացու համար մատչելի է սահմանված վճարը եւ նա ի վիճակի է վճարել ոռոգման համար իրեն անհրաժեշտ ջրաքանակի համար, ՋՏՊԿ ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը պատասխանեց. «Մատչելի է, քանի որ հասկանում ենք, որ ներտնտեսային ցանցերը բավականին  քանդված վիճակում են։ Հայաստանում կա 16. 000 ներտնտեսային ցանց 17 000 կմ  դրա վերականգնման համար բավականին մեծ գումարներ են պետք, բայց չեմ կարծում, որ դուք կարողանաք գտնել հիմա մի տարածք, որ ջրի պատճառով չորացել է»: Ադիբեկ Ղազարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց խնայողաբար օգտագործել ջուրը: «Նորմայից ավելի ջուրն, իհարկե, կբերի մեծ գումարների, որոնք գյուղացին ի վիճակի չի լինի վճարել, բայց նա պետք է մտածի` ինչ անի, բույսը փոխի, ոռոգման  ձեւը փոխի, ավելի ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառի… Չի կարելի անասնակերը բերել Սեւանի ջրի տակ ու ասել 40 000 խմ ինձ ջուր տվեք, հետո բողոքել, որ 40 000-ը 11 դրամով դառնում է 440 000»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք Սեւանի ջուրը  չի հասնում հարեւան պետությանը, Ադիբեկ Ղազարյանը պատասխանեց. «Ոչ…Ջուրն անցնում է Ստորին Հրազդան, Արզնի-Շամիրամի, Արտաշատի ջրանցքներով ու դրա  տարբերակը չկա, նույնիսկ  Հրազդան գետի հետ չի շփվում: Հրազդան-Սեւան կասկադով գալիս է ու անմիջապես գնում է մայր ջրանցքներ: Նա, ով ասում է, որ Սեւանի ջուրը գնում է Արաքս, նա ուղղակի Հայաստանը չի պատկերացնում, իսկ ոռոգման համակարգից ընդհանրապես պատկերացում չունի»:

Մինչ Ադիբեկ Ղազարյանը խոսում է նորմայից ավելի ջրի մասին, գյուղացիները մտածում են, թե այդ նորմայի համար ինչպես են վճարելու: «Ես հիմա ջրային տնտեսությանը պարտք ունեմ, ջրել եմ, եկամուտ չեմ տեսել, իրենց փողը չեմ տվել: Հիմա էս մարդիկ, որ ինձ դատի տան, մեղավորը ես չեմ… էն ժամանակ ջրի վարձը քիչ էր, կարողանում էինք, բացի դա էլ ջուրը նորմալ էր… եթե Սեւանից ջուր չբերեն, լրիվ տարածքը կդառնա ամայի»,-ասում էին որոշ գյուղացիները:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանա լճից ջրառն ավելացել է 70 միլիոն խմ-ով` կազմելով 240 միլիոն խմ: Այս որոշման դեմ հանդես է գալիս բնապահպան հասարակությունը` ահազանգելով Սեւանա լճի մակարդակի իջեցման եւ դրա հետեւանքով լճի ճահճացման մասին:

Ստեղծված պայմաններում, սակայն Ադիբեկ Ղազարյանը Արարատյան դաշտում անապատացման վտանգ չի տեսնում: «Ես չէի ասի, որ անապատացում է գնում, քանի որ, համենայն դեպքս, այն տարածքները, որ մեր ՋՕԸ-երը սպասարկում են, այդ հեկտարները, գյուղատնտեսության արտադրանքը, մթերքը  գնալով ավելանում են: Ի՞նչ անապատացման մասին է խոսքը»,-զարմացավ նա: Ադիբեկ Ղազարյանը Սեւանա լճից ջուր վերցնելը համարում է այլընտրանք եւ խնդրի լուծումը տեսնում ջրամբարների կառուցման, ներտնտեսային ցանցերի եւ  նորագույն տեխնոլոգիաների կիրառման մեջ:

Ինչի մասին չխոսեց Ադիբեկ Ղազարյանը` ԷկոԼուրի հաջորդ հրապարակման մեջ

16:45 Մայիս 20, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news