Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ, կատարել են հետազոտություն Արարատի մարզի Արարատ և Սուրենավան բնակավայրերում՝ պարզելու արդյունաբերական աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա։
Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Չեխ փորձագետները փորձանմուշներ վերցրին Արարատի ոսկու կորզման գործարանի, Արարատի ցիանային պոչամբարի հարակից հողերից, ոռոգման ջրատարից, ձկներից, տեղի բնակիչների այգիներից։ Նաև վերցվել են կենսանմուշներ բնակիչներից։
«Չեխիայի համար շատ կարևոր են աջակցության ծրագրերը։ Չեխիայի պատմության որոշակի ժամանակաշրջանում տնտեսության և արդյունաբերության զարգացման խնդիրները նման են եղել Խորհրդային միության պատմությանը։ Երբ Չեխիան մտավ Եվրոպական միություն, սկսվեց տրանսֆորմացիա՝ ուղեկցվող լավագույն տեխնոլոգիաների ներդրմամբ։ Սկսվեց մեծ ուշադրություն հատկացվել բնապահպանությանը, մաքուր սննդին, և քայլ առ քայլ Չեխիան զարգացավ այդ ուղղությամբ։ Չեխիան հետաքրքրված է իր փորձը՝ ինչպես անցում կատարել աղտոտող տնտեսությունից դեպի ավելի կայուն, մաքուր և բնությունը պահպանող տնտեսություն, փոխանցել Հայաստանին։ Մեր նպատակը հենց մեր ծրագրի անվանումն է՝ «Փոխակերպում», այսինքն, փորձի փոխանակում ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալական ուղղվածությամբ», - ասաց ծրագրի համակարգող, «Առնիկա»-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց․ «Մենք ունենք մեծ աղտոտվածություն այն տարածքներում, որտեղ հանքարդյունաբերությունը զարգացած է։ «Առնիկայի» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» հետ ուսումնասիրել ենք Ալավերդու, Ախթալայի կոմբինատների, Թեղուտի, Արմանիսի հանքավայրերի ազդեցությունը։ Հնարավոր չէ ազատվել տոքսիկ նյութերից, որոնք կուտակվում են հողի մեջ, գետերի նստվածքներում և մարդու օրգանիզմում՝ առաջացնելով քաղցկեղային, սրտանոթային հիվանդություններ, ազդում են նաև հաջորդ սերունդների վրա։ Մենք հավաքում ենք տվյալներ, որպեսզի կարողանանք պահանջել ընդունել որոշումներ և օրենքներ, որոնք կպաշտպանեն մարդկանց անպատասխանատու բիզնեսից։ Աղտոտող կազմակերպությունը պետք է փոխհատուցում տրամադրի իր աղտոտվածության համար, սակայն այս սկզբունքը մեզ մոտ չի գործում»։
«Արարատյան դաշտը դրախտավայր է, որտեղ կան լավ նախադրյալներ ագրոտուրիզիմի և էկոտուրիզմի համար։ Սակայն Արարատ քաղաքը, Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Սուրենավան գյուղերը տարիներ շարունակ ենթարկվում են ցեմենտի գործարանի փոշու և ցիանային պոչամբարի ազդեցությանը։ Դրանցից առաջացող արտանետումները տարածվում են այս բնակավայրերի վրա։ Ես բազմաթիվ անգամներ տեսախցիկով ֆիքսել եմ փոշու ամպերը։ Հույս ունեմ, որ այս հետազոտությունները կպարզեն, թե ինչ քանակի վնասակար նյութեր կան մեր շրջապատում և օրգանիզմում։ Ես կցանկանայի, որ բոլոր թիրախ բնակավայրերում կատարվեին նման հետազոտություններ։ Ե՛վ գյուղացին, և՛ պետությունը պետք է շահագրգռված լինեն, որ բնությունն ավելի մաքուր լինի, վնասակար արտանետումները հասցվեն նվազագույնի», - ասաց «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը։
«Ցեմենտի փոշին, բնականաբար, ազդում է մեզ վրա։ Կցանկանայի, որպեսզի մտածեին մեր ժողովրդի առողջության մասին բոլոր օղակներում», - նշեց Արարատ գյուղի բնակչուհի Արևիկ Խաչատրյանը։
«Մեր մարզում տուժում է ամենակարևոր իրավունքը՝ առողջության և կյանքի, առողջ ապրելու իրավունքը։ Մենք տեսնում ենք, թե ինչ տարածում ունեն ուռուցքաբանական, սիրտանոթային և նյարդային հիվանդությունները։ Մենք ապրում ենք շոգ տարածաշրջանում, և ոսկու գործարանի ցիանային պոչամբարում եղած քիմիական նյութերը՝ ցիանիդը և այլն, տարածվում են և ազդում մեր առողջության վրա։ Սա ազգային անվտանգության խնդիր է», - ասաց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը։
«Նմանատիպ հետազոտությունները շատ կարևոր են, եթե հետադարձ կապ ունենան, իրենց արդյունքներով կարողանան փոփոխություն մտցնել», - ասաց Արարատի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ, Արարատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ծովինար Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ համայնքում գերակշռում են իշեմիկ, զարկերակային գերճնշումով, ուռուցքային հիվանդությունները, շաքարային դիաբետը։ «Ծուխը, փոշին անշուշտ կապված է այդ վիճակի հետ։ Գործարանները պետք է պահպանեն բնապահպանական նորմերը, ֆիլտրներ տեղադրեն», - ասաց Ծովինար Ալեքսանյանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ հետազոտության արդյունքները կներկայացվեն պատասխանատու պետական գերատեսչություններին։ «Կպարզենք, թե որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը և մարդկանց առողջությանը։ 2018-2021 թվականներին իրականացված հետազոտությունների արդյունքներն օգտագործվել են որպես փաստահեն տվյալներ տեղական և ազգային պետական մակարդակներում շահերի պաշտպանություն իրականացնելու համար», - ասաց Օլեգ Դուլգարյանը։
Հուլիս 17, 2023 at 16:18