Կլիմայական մարտահրավերները և տեղական մոտեցումները Մեղրիում․ քննարկում մեկ սեղանի շուրջ՝ Ազգային ժողովի պատգամավորների, ՏԻՄ-ի և փորձագետների մասնակցությամբ

Կլիմայական մարտահրավերները և տեղական մոտեցումները Մեղրիում․ քննարկում մեկ սեղանի շուրջ՝ Ազգային ժողովի պատգամավորների, ՏԻՄ-ի և փորձագետների մասնակցությամբ

2025թ․ հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ 

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Մեղրիի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։ 

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն համայնքի կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների մասին և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությունն աջակցում է խորհրդարանին՝ դառնալու առավել ներառական, թափանցիկ և հաշվետու քաղաքացիների առաջ՝ կիրառելով տարբեր գործիքներ ու հարթակներ։

ՄԱԶԾ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել բնակիչների իրազեկվածությունը, լսել, թե ինչ խնդիրներ ունի համայնքը և որ խնդիրներ են իրենք ցանկանում տեսնել օրենսդրական մարմնի օրակարգում։ «Սա հարթակ է, որտեղ պատգամավորները կարող են քննարկել քաղաքացիների հետ նրանց հուզող և անհանգստացնող խնդիրները, քննարկել, թե ինչ օրենսդրական նախաձեռնություն կամ գործողություններ պետք է իրականացնեն պատգամավորները գործադիր մարմնի հետ, որպեսզի արձագանքեն տեղի բնակիչների կարիքներին», - ասաց նա։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ասաց․ «Կլիմայական փոփոխություններն իրենց հետ բերում են բազմաթիվ դժվարություններ։ Հայաստանը պետք է հստակ քաղաքականություն որդեգրի, և այդ քաղաքականության մեջ մարզերն ու խոշորացված համայնքները ոչ միայն պետք է ներգրավված լինեն, այլ պետք է այդ քաղաքականության մշակման մեջ առանցքային դեր ունենան։ Կլիմայական փոփոխություններն առաջին հերթին զգում են համայնքներն ու բնակիչները։ Պետությունն իր քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի գյուղատնտեսական ոլորտում ճիշտ ներդրումներ անելու ճանապարհով։ Կարողությունները պետք է գեներացնել և միասին այս ուղղությամբ շարժվել։ Եթե օրենսդրական փոփոխությունների կարիքը կա, ապա այդ օրենսդրական փոփոխությունները մեր տիրույթում են։ Ես և իմ գործընկերները, որպես կառավարող ուժի անդամներ, ունենք հնարավորություն այդ օրենսդրական փոփոխությունները կատարելու և դրա արդյունքում ունենալու ավելի դիմակայուն համայնքներ»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշեց․ «Կլիմայի փոփոխությունը շատ կարևոր խնդիր է՝ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այդ պատճառով մենք հանդիպում ենք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք պայքարել կլիմայական մարտահրավերների դեմ և ինչ լուծումներ կարող ենք գտնել։ Փորձում ենք այդ հարցերը տեղափոխել օրենսդրական հարթություն՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով օրենսդրական փոփոխություններ։ Շատ խնդիրներ արդեն լուծվել են այս ճանապարհով։ Պետք է երկկողմ կապ․ պատգամավորները հաշվետու են ժողովրդի առաջ, իսկ քաղաքացիներն էլ պետք է պահանջատեր լինեն»։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը խոսեց երկրի ազգային կլիմայական մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված քաղաքականության մասին։

«Կլիմայի փոփոխությունն այսօր համարվում է գլոբալ մարտահրավեր։ Երկրի միջին ջերմաստիճանը նախարդյունաբերական շրջանի համեմատ բարձրացել է շուրջ 1,2 աստիճանով, և Հայաստանը նույնպես գտնվում է այդ փոփոխությունների ազդեցության գոտում։ Այդ փոփոխությունները նվազեցնելու համար անհրաժեշտ են համաշխարհային մակարդակի համատեղ ջանքեր։

Նույնիսկ եթե այսօր արտանետումները զրոյացվեն, կլիման միևնույն է՝ կշարունակի փոխվել, ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել ջրի, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում փոփոխություններին։ Մեղրիի դեպքում, օրինակ, ջրի պաշարների արդյունավետ կառավարումը կենսական նշանակություն ունի՝ ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ՝ բնակչության և արդյունաբերության համար։ Համայնքները կարող են կլիմայի մեղմման և հարմարվողականության միջոցառումներ ներառել իրենց սուբվենցիոն ծրագրերում՝ զարգացնելով արևային էներգիայի համակարգեր, բարելավելով էներգաարդյունավետությունը, պահպանելով անտառները և կանխելով հրդեհները։

Հայաստանը նաև ընդգրկված է միջազգային հարմարվողականության և կորուստների փոխհատուցման հիմնադրամների ծրագրերում, որոնցից Մեղրիի տարածաշրջանը նույնպես կարող է օգտվել։

Վերջին տարիներին Հայաստանում դիտվում է ջերմաստիճանի կայուն աճ և տեղումների քանակի նվազում։ Երաշտները, սաստիկ շոգը, կարկտահարությունները և հրդեհավտանգ իրավիճակները դարձել են ավելի հաճախակի։ Նոր ծրագիր է մեկնարկում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ՝ ուղղված անտառային հրդեհների կանխարգելմանը և համայնքների պատրաստվածության բարձրացմանը։ Հայաստանի համար առաջնահերթ է, որ համայնքները կլիմայական հարմարվողականությունը ներառեն իրենց զարգացման պլաններում։ Դա հնարավորություն կտա ստանալ միջազգային և պետական աջակցություն։ Այս համատեքստում համայնքները կարող են միանալ նաև ԵՄ քաղաքապետերի դաշնագրին, որի շրջանակում արդեն 30 համայնք միացել է դաշնագրին, և ակտիվորեն կարողանում է օգտվել եվրոպական ֆինանսավորման խողովակներից», - ասաց նա։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն անդրադարձավ Մեղրի համայնքի կլիմայական մարտահարավերներին, մասնավորապես՝ ջրի անբավարարության, անտառային հրդեհների և աղբի կառավարման հարցերին։ Նա նաև նշեց․ «Համագործակցել միմյանց հետ ծրագրերով, աջակցել համայնքին գումարով։ Մենք ուրախ կլինենք, որ հետագայում համայնքը անպայման ներառվի հետագա պլանավորման աշխատանքներում։ Պետք է  անպայման ներառված լինի և՛ վարչական ղեկավարը, և՛ համայնքապետարանից որևէ մեկը, որ հասկանանք՝ ինչ է անհրաժեշտ և ինչպես շարժվել առաջ»։

Շարունակելի

Նոյեմբեր 14, 2025 at 12:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր