2020թ-ին ևս կանխատեսվում է Սևանա լճի ծաղկում կապտականաչ ջրիմուռներով

2020թ-ին ևս կանխատեսվում է Սևանա լճի ծաղկում կապտականաչ ջրիմուռներով

ԷկոԼուր

Կանխատեսումների համաձայն՝ 2020թ-ին նույնպես Սևանա լճում կդիտվի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս մասին հայտնեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ։

«Կանխատեսվում է, որ Եվրամիությունից ակնկալվող 5 միլիոն եվրո դրամաշնորհը նույնպես կուղղվի Սևանա լճի մաքրման հետ կապված խնդիրներին։ Միաժամանակ, հաստատել ենք հաջորդ տարի ափամերձ ավելի մեծ տարածքների մաքրում անտառածածկից։ Դա նույնպես կնվազեցնի ճնշումը Սևանի վրա։ Բայց միանշանակ է, որ աղտոտումների ծավալները, որ գալիս է տասնյակ համայնքներից և այլ աղբյուրներից, պետք է նվազեցվի կտրուկ։ Եթե չնվազեցվի, ռիսկերը շատ մեծ կլինեն«,- ասաց Էրիկ Գորիգորյանը։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սևանա լճի մաքրության պահպանման համար լճի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները ևս պետք է վերացնեն իրենց աղտոտման ծավալները։ «Աղտոտման հետևանքով այս տարի Սևանա լճի շուրջ գործունեություն իրականացնող տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում` թե հայտարարե'ք, որ Սևանի հետ ամեն ինչ կարգին է: Հարց՝ իսկ իրենք իրենց գործունեության արդյունքում Սևանը չաղտոտելուն կամ աղտոտումը նվազեցնելուն ուղղված որևէ գործողություն անո՞ւմ են: Այդ մարդիկ աղտոտում են Սևանը, աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ և կառավարությունից պահանջում ուղղորդել քաղաքացիներին գնալ իրենց աղտոտած ջրում լողալ: Սևանի շուրջ պետք է բիզնեսը քաղաքակրթվի, և դա մեր խնդիրն է։ Այստեղ պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում։ Մարդիկ վնաս են հասցնում, իրենց գործողությունների արդյունքների հետ առերեսվում, գնում, ճամփա են փակում, ասում են՝ կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլոր հարցերը պետք է Կառավարությունը լուծի։ Դուք ձեր ոտքի տակը մաքրեք։ Պետք է հասցեական գնալ, միջոցներ ձեռնարկել»,-ասաց վարչապետը։

Նախարար էրիկ Գրիգորյանը նշեց, որ Սևանա լճից 140 միլիոն խմ-ից մի փոքր ավելի ջուր է բաց թողնվել։ «Այս տարի մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլ մոտ 30 միլիոն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչն անցյալ տարի ավել վերցրել էինք։ Ոչ միայն այս տարի ավել չենք վերցրել, այլև՝ նախորդ տարվանը կոմպենսացրել ենք։ Կարծում ենք, որ ջրապահանջարկը որոշ չափով կարող է նվազեցվի հաջորդ տարիների համար»,- ասաց էրիկ Գրիգորյանը։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սկզբից երբ պարզ էր, որ մենք լավ տեմպով ենք գնում, առաջին տպավորությունն այն էր, որ դա տեղի է ունենում եղանակային պայմանների շնորհիվ: Բայց հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ ընդհակառակը, եղանակային պայմանները շատ անբարենպաստ են եղել: Այդ առումով ստացվում է, որ սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարվա սկզբում մի քանի սթրեսային խորհրդակցություններից հետո որոշեցինք ձեռնարկել»:

Նշենք, որ դեռ շարունակվում է ջրի ներհոսքը Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ ջրատարով լիճ է հոսել 2019թ-ի կտրվածքով ընդհանուր 151.832 միլիոն խմ ջուր:

 

13:41 Հոկտեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news