2020 թ. ավելացել են ոռոգելի հողատարածքները

2020 թ. ավելացել են ոռոգելի հողատարածքները

ԷկոԼուր 

2019թ. համեմատ 2020թ. ավելացել է ոռոգման ջրի ծավալը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում տրվել է 187.5 մլն խմ ջուր, ապա այս տարի 271 մլն խմ ջուր: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ պատճառը հողատարածքների ավելացումն է: «Պայմանագիր է կնքվել 114 500 ջրօգտագործողի հետ: Այս պահի դրությամբ մուտքագրված 80 հազար հա ջրի ոռոգում է կազմակերպվում։ Հողերը կավելանան մինչև 5000 հեկտարով։ Ապօրինի ջրօգտագործման դեպքերով հարուցված գործեր չկան։ Սակայն Ջրային կոմիտեում փորձում ենք բացահայտել թաքցված հեկտարները, որոնք ջրօգտագործողները չեն ներկայացնում, մոտավորապես 500-700 հա տարածք կարողացել ենք բացահայտել, որը որպես պարտք ավելանում է ջրօգտագործողի վրա»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահը։

Նա նշեց, որ այս տարի Սևանա լճից 19 մլն խմ ավելի ջուր են բաց թողել անցյալ տարվա համեմատ, սակայն նշեց նաև, որ Արփա-Սևան թունելով 20 մլն խմ ավելի ջուր է ներհոսել Սևան։

Անդրադառնալով ոռոգման շրջանում ծագող խնդիրներին՝ Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ բողոքները հիմնականում եղել են վերանորոգման աշխատանքների ընթացքում:

«Արմավիրում դժգոհությունները կապված էին մեխանիկական ոռոգման հետ. կայծակի պատճառով ենթակայաններ էին այրվել, դրանց վերականգնման ժամանակաընթացքում եղան բողոքներ, սակայն վերականգնեցինք, խնդիրը լուծվեց։ Բողոքները տեխնիկական խնդիրներով է պայմանավորված։ Ջրային Կոմիտեի կողմից հսկվում են ՋՕ-երի կազմակերպչական աշխատանքները, թե ինչպես են կազմակերպում ոռոգման աշխատանքները»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Ջրային կոմիտեի նախագահի համաձայն՝ ջրօգտագործողների ընկերության նկատմամբ չկա վստահություն ջրօգտագործողների կողմից, որպեսզի ճիշտ պլանավորեն ոռոգման աշխատանքները։ «Ջրօգտագործողների ընկերությունը փակ աչքերով մտնում է ոռոգման փուլ, որից հետո կարողանում է իմանալ, թե որ ջրօգտագործողը քանի հա հող է մշակում, ինչ մշակաբույսեր է ցանել, որպեսզի դրա համար ջուր պլանավորի»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով ջրամբարաշինությանը՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ Վեդիի ջրամբարը պետք է պատրաստ լինի 2021 թ. առաջին կիսամյակում։ Կապսի ջրամաբարի նախագիծը ուղարկվել է փորձաքննության։ «Կառուցվում են նաև փոքր ջրամբարներ: Օրվա կարգավորիչ ջրավազաններ կառուցելով՝ ևս մեկ խնդիր ենք լուծում, փորձում ենք մեխանիկական ոռոգումը կազմակերպել. գիշերը ջուր կկուտակենք, ցերեկը՝ կմատակարարենք»,- ասաց Ջրային Կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում էլ կառուցվելու են մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցվելու են գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացվելու և հզորացվելու են ջրօգտագործողների ընկերությունները Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում:

Որպես արդյունք սպասվում է, որ Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկն է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:

Լուսանկարը`Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի

15:44 Հուլիս 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news