ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի մարտի 29-ի նիստը նվիրված էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների բաց հանքավայրի խնդիրներին և ռիսկերին: Զեկուցողը «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էր:
«Մենք` բոլորս, մտահոգված ենք Ամուլսարի ծրագրով, նախևառաջ, Ամուլսարի աշխարհագրական դիրքի հետ կապված, - ասաց Սանասարյանը, - ծրագիրը իրականացվում է Արփա և Որոտան գետերի ավազանների տարածքում, ունի ազդեցություն Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարների և Սևանա լճի վրա»:
Հակոբ Սանասարյանը մանրամասնորեն մեջբերեց ՇՄԱԳ-ը, որին ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից տրվել է դրական եզրակացություն, և հայտարարեց. «ՇՄԱԳ փաստաթղթի բովանդակությունը չի համապատասխանում եզրակացություններին: Ավելին, բովանդակությունն ու եզրակացությունները հակասում են միմյանց», - ասաց Հակոբ Սանասարյանը և կոչ արեց ուժը կորցրած ճանաչել տրված դրական եզրակացությունը:
Նա նշեց, որ իր եզրակացության մեջ փորձաքննական կենտրոնը պետք է նշեր այն ռիսկերը, որոնք նկարագրված են ՇՄԱԳ-ում: Այն, որ ծանր մետաղների ազդեցության տակ կհայտնվեն ջրային ռեսուրսները, հնարավոր է ազդեցություն լինի Սևանա լճի վրա, կնվազի կենսաբազմազանությունը, թթվային դրենաժի հետևանքով ծանր մետաղները կարող են ներթափանցել սննդային շղթա: Այս ռիսկերի նկարագրությանը հակասում են ընկերության եզրակացությունները, որ ազդեցությունը կլինի աննշան, կամ անգամ զրոյական: Սանասարյանը նշեց, որ, տրամադրելով ՇՄԱԳ-ին դրական եզրակացություն, փորձաքննական կենտրոնը և գերատեսչությունները, որոնք ուղարկել են իրենց եզրակացությունները, պարզապես համաձայնել են ընկերության հետ, որ ռիսկեր չկան:
Սանասարյանը նշեց, որ ՇՄԱԳ-ում նշված են թթվային դրենաժի ռիսկերը, նշված է, որ հնարավոր են արտահոսքեր և ծանր մետաղների ու հանքանյութի այլ տարրերի ներթափանցում ջրային ռեսուրսների մեջ: Սակայն կազմվել է եզրակացություն, ըստ որի` ջրերի որակի վրա ազդեցությունը կլինի աննշան կամ զրոյական: Օրինակ, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն առանցքային դեր ունեն Սևանա լիճը Արփա-Սևան թունելով ջրի մատակարարման համար: ՇՄԱԳ-ում նշված է, որ հնարավոր են թթվային ջրերի արտահոսքեր դեպի ստորգետնյա ջրեր, որոնք սնուցում են այդ ջրամբարները: Սակայն արված է եզրակացություն, որ ջրամբարների ջրի որակի վրա ազդեցություն չի լինելու, քանի որ ստորգետնյա ջրերն այս ջրամբարների համար միակ աղբյուր չեն:
ՇՄԱԳ-ում նշված կենսաբազմազանության համար ռիսկերը էկոհամակարգի վրա անդառնալի փոփոխությունների են հանգեցնելու. փոշին, որը նստելու է բուսականության վրա և ներթափանցելու է թռչունների կերակրային բազա, պայթեցումները, որոնք կհանգեցնեն կենդանիների միգրացիոն միջանցքների կորստի: ‹‹Ընկերությունը զրոյական վնասի վերաբերյալ պատասխանատվություն ունի, սակայն ընկերության կողմից առաջարկված միջոցառումները, օրինակ, տեսակների տեղափոխումը բնակության նոր միջավայր, անհնարին են», - նշեց Սանասարյանը: Նրա հետ համաձայնեցին խորհրդի անդամները` բուսաբանական գիտությունների դոկտոր, Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ Գոհար Օգանեզովան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Վերջիններս ընդգծեցին, որ կենսաբազմազանության պահպանման համար նախատեսված միջոցառումներն անընդունելի են:
Ի պատասխան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանն ասաց, որ ընկերությունն ունի ռիսկերի կառավարման պլան, արագ արձագանքման պլան, աղտոտման կանխարգելման համար նախատեսված է պասիվ մաքրման համակարգ: Ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ հարցին ի պատասխան Ստեփանյանն ասաց, որ հոդվածում (ԷկոԼուր. «Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения»), որին սովորաբար հղում են անում Ամուլսարում ուրանի առկայության հարցի հետ կապված, ասված է նաև ուրանի տեղակայման մասին` Ամուլսարից 4.5-5 կմ դեպի հարավ: Նա նաև հայտարարեց, որ Միջուկային անվտանգության պետական կոմիտեն իրականացրել է նմուշների հետազոտություն և արձանագրել, որ Ամուլսարում ռադիոակտիվ ֆոնն ավելի ցածր է, քան Երևանում:
Ամուլսարի ծրագրին դրական արձագանքներ տված գերատեսչությունների վրա էր հղում անում նաև ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի փորձագետ Արթուր Մինասյանը: Նա ասաց, որ ռիսկերն ապահովված են կառավարման պլաններով ու միջոցառումներով, որոնք ներկայացված են ոչ միայն ՇՄԱԳ-ում, այլ նաև հավելվածներում և հանքի փակման ծրագրում:
‹‹ԷկոԼուր›› տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ Ամուլսարի ծրագիրն արդեն մտել է ակտիվ փուլ, ընթանում է շինարարություն, և առաջարկեց Հասարակական խորհրդին անցկացնել Ամուլսարի ծրագրի ռիսկերի մոնիտորինգ նախատես պատրաստված պլանով, որը թույլ կտա քննարկումները դարձնել առարկայական:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հղում արեց ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին›› ՀՀ օրենքի վրա, որում ասված է, թե որ դեպքերում փորձաքննական կենտրոնի եզրակացությունը կարող է ճանաչվել անվավեր, և նշեց, որ պատրաստ է կրկին քննարկել հարցը, եթե լինեն գիտականորեն հիմնավորված փաստեր այն մասին, որ ռիսկերին տրվել է սխալ գնահատական: Նա նաև հայտնեց, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթին բացասական եզրակացություն տված միջազգային կազմակերպությունների դիմումի հիման վրա մայիսին տեղի կունենա աշխատանքային հանդիպում փորձագետների, նախարարության մասնագետների և, հնարավոր է, Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ:
Ապրիլ 03, 2018 at 15:20