Սակավաջրության խնդիրը մեղմելու համար ՀՀ կառավարությունը կօգտագործի ստորգետնյա ջրային ռեսուրսները

Սակավաջրության խնդիրը մեղմելու համար ՀՀ կառավարությունը կօգտագործի ստորգետնյա ջրային ռեսուրսները

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում սակավաջրության հետևանքով ոռոգմանը սպառնացող խնդիրների մեղմման համար: Խնդրի կարգավորման համար նախատեսվում է օգտագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները: Սույն թվականի մարտի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները։ Վարչապետը հանձնարարել է նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միաժամանակ կապահովվի օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3-ամսյա ժամկետում կամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, կորոշեն 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

Հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի ջրամբարների լցվածությունը ցածր մակարդակի է բացառությամբ Կեչուտի ջրամաբարի: 525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարը լցված է 249 միլիոն խմ-ով, 105 միլիոն խմ տարողությամբ Արփի լիճը` 16.4 միլիոն խմ-ով, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամաբարը` 21.1 միլիոն խմ-ով, 70 միլիոն տարողությամբ Ազատի ջրամբարը` 31,9 միլիոն խմ-ով, 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը` 5.42 միլիոն խմ-ով, 25 միլիոն տարողությամբ Կեչուտի ջրամբարը` 23.6 միլիոն խմ-ով:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հիդրոմետի տվյալներով սպասվում է անձրևաշատ ամիս, սակայն եթե սպասելիքները չարդարանան, Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի:

Նշենք, որ Սևանա լիճը 2017թ-ին գրանցեց բացասական հաշվեկշիռ հավելյալ ջրառի արդյունքում: Լճի մակարդակը 2018թ-ի մարտի 23-ի դրությամբ կազմում է 1900.47 մ, ինչը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Մասնագետների համաձայն, Սևանա լճի մակարդակի պարբերական իջեցումները լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջացնեն լճի համար:

Մարտ 23, 2018 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր