

ԷկոԼուր
Աստղաձոր համայնքի բնակիչները դիմել են դատարան իրենց՝ ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու պահանջով:
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները զրկվել են իրենց խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրից՝ Աստղաձոր գետից: Դեպի համայնք մտնող գետի հունը գրեթե ցամաքել է, ջուրն ամբողջությամբ տեղափոխվել հարևան Զոլաքար համայնք «Համայնքների գյուղատնեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերի իրականացման արդյունքում: 2016 թ. Զոլաքար համայնքին տրվել է ջրօգտագործման թույլտվություն՝ Զոլաքար համայնքի վարչական տարածքում գտնվող «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակ» կոչվող բնական 4 աղբյուրներից 23.1 լ/վրկ ջուր օգտագործելու համար:
Խնդրի կարգավորման և ջրի նկատմամբ իրենց իրավունքների վերականգնման նպատակով Աստղաձորի մի խումբ բնակիչներ 2018 թ. հոկտեմբերի 14-ին նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով վերականգնել ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքները, քննություն իրականացնել, բացահայտել բոլոր անօրինակություններն ու չարաշահումները: «Գործի մեջ կային քրեական տարրեր՝ կոռուպցիա, օրենքի խախտում»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Աստղաձորի բնակիչ, գործով բողոքագիր Վարդան Գրիգորյանը:

Դատախազին դիմելուց հետո ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր էին նախապատրաստվել, որոնք ոստիկանության եզրակացությամբ թողնվել էին անհետևանք: Աստղաձորցիներն այս տարվա հունիսին ևս մեկ անգամ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «2019 թ. հունիսին դիմել ենք դատախազություն: Մարտունու բաժնում կրկին նութեր են նախապատրաստվել՝ դրան կցելով ոստիկանության նախկին եզրակացությունը: Հունիսի 9-ին տեսուչ Ռ. Մուշեղյանի կողմից կրկին մերժվել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հունիսի 21-ին Մուշեղյանի որոշման դեմ բողոքարկել ենք Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանին: Դատախազ Ռաֆայել Երիցյանը 2019 թ. հուլիսի 5-ին մերժել է մեր բողոքը, որից հետո սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում՝ օգոստոսի 10-ին, կրկին բողոքարկել ենք դատարան: Երիցյանը որոշումը կայացրել էր հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, որը ոչ աշխատանքային օր է: Այդ որոշումն անօրինական է կայացվել: Վերջին միջնորդությամբ բողոքարկել ենք դատարան նաև տեսուչ Ռ. Մուշեղյանի որոշումը՝ վերանայելու պահանջով: Բողոքարկել ենք, որպեսզի քրեական գործ հարուցվի: Գտնում ենք, որ այստեղ կան հանցագործության հատկանիշներ»,- ասաց Վարդան Գրիգորյանը:
Վերջին բողոքարկումից հետո սույն գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 23-ին, ինչի մասին ծանուցագիրն աստղաձորցիները ստացել են 3 օր անց՝ օգոստոսի 26-ին: Բնականաբար դատական նիստը չէր կայացել: Վարդան Գրիգորյանի հետ միասին այս գործով որպես բողոքագիր են հանդես գալիս Աստղաձորի ևս 4 բնակիչ՝ Արամայիս Ասատրյանը, Սուրիկ Պետրոսյանը, Վազգեն Մինասյանը և Վարդգես Սեթրակյանը:


Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրում պետք է քննության առնվեր Աստղաձոր համայնքի բնակիչների բողոքը ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի՝ 2019 թ. հուլիսի 5-ի որոշման դեմ և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ Ռ. Մուշեղյանի՝ 2019 թ. հունիսի 9-ին կայացրած քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Նախագահող դատավոր Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ գործին առնչվող նյութերը դեռևս իր ձեռքի տակ չեն, իսկ գործով հետաքննիչը չի ներկայացել դատական նիստին: Սրա վերաբերյալ Վարդան Գրիգորյանը միջնորդությամբ հանդես եկավ, նշելով. «Քննարկվում է որոշման օրինականության մասին: Օրինականությունը հաստատել միանշանակ կարող են նյութերը: Որոշումը պետք է բխի գործով ձեռք բերված նյութերով: Արդեն երկրորդ դատական նիստն է տեղի ունենում, բայց նյութերը դեռևս չկան: Հնարավոր չէ առանց այդ նյութերի դատական նիստ անցկացնել»: Սրա հետ կապված դատավոր Սարգսյանը նշեց, որ դատական նիստը անհրաժեշտ է հետաձգել: Մինչ դատական նիստի հետաձգումը Վարդան Գրիգորյանը նաև ասաց, որ հուլիսի 5-ի որոշումը կայացրել է դատախազ Ռ.Երիցյանը և գործի ճշգրիտ քննության համար անհրաժեշտ է նրա ներկայությունը: Գրիգորյանը միաժամանակ հավելեց, որ ներկա պիտի լինի նաև ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի տեսուչ Ռ. Մուշեղյանը. «Ներկայիս լիազորված դատախազ Արսեն Սախոյանի համոզմունքը երբեք չի կարող համընկնել Երիցյանի համոզմունքների հետ: Այդ պատճառով խնդրում եմ, որ դատական նիստերին ներկա լինի Ռ.Երիցյանը և պարզաբանի, թե որն է իր կողմից նման որոշում կայացնելու պատճառը: Բացի այդ, դատարանի դերակատարությունը կայանում է կայացրած որոշումների օրինականությունը ստուգելու մեջ: Խնդիրը գնում է նաև ոստիկանության տեսուչ Մուշեղյանի կայացրած որոշման մասին: Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է, որ ներկա լինի նաև Ռ. Մուշեղյանը»,- ասաց Գրիգորյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 19-ին` ժամը 14:00-ին:
Սեպտեմբեր 05, 2019 at 17:37
