ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի և «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը պետք է տարեկան 2 միլիոն դրամ փոխանցի համայնքապետարանին: Այս մասին ԷկոԼուրին ասաց Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Բացի այդ, քննարկվում է Մարտունիում կառուցել կաթի վերամշակման գործարան: Պայմանագիր ընկերության և համայնքապետարանի միջև դեռ կնքված չէ: Արմեն Ավետիսյանի խոսքով` փաստաթղթավորման փուլն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Մարտունի համայնքի բնակիչները, հասարակական գործիչներն ու համայքնապետը պահանջեցին ընկերության ղեկավարությունից գալ համայնք և տեղացիների հետ քննարկել ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական և սոցիալական խնդիրները: Բնակիչները համայնքապետի գլխավորությամբ առաջադրեցին իրենց պահանջները, երկխոսության արդյուքնում էլ ձեռք բերվեց պայմանավորվածությունը:
«Մարտունի» ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, որտեղ կարող են հանդիպել ՀՀ կարմիր գրքում գրանցված Գեղարքունի, Սևանի կողակ, Սևանի բեղաձուկ ձկնատեսակները, ինչպես նաև կարմրախայտը:
«Ամառվա ամիսներին շատ քիչ ջուր է գետում, այդտեղ ձուկ չի ապրի, մի փոքր առվակ է: ՓՀԷԿ-ի տնօրենը խոստացավ ջրաչափ տեղադրել, ինտերնետի հնարավորության դեպքում նաև օն-լայն համակարգ: Եթե ՓՀԷԿ-ն աշխատում է խախտումներով, պետք է բերել նրան, որ նորմերով աշխատի, և եթե համայնքում կա բիզնես, ապա այդ բիզնեսը պետք է ունենա ինչ-որ պարտավորություն համայնքի առջև, պետք է ինչ-որ սոցիալական խնդիր լուծի, բնակիչն էլ հասկանա, որ իր տարածքում բիզնես կա, իրեն էլ օգուտ կա», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանը:
Եղիազար Դավթյան
ՓՀԷԿ-ի կայանը կառուցված է Լուսաձոր կոչվող տեղամասում, որտեղ 30-40 ընտանիք է ապրում և զբաղվում անասնապահությամբ: Մարտունու համայնքապետի խոսքով` ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ ընկերությունն այս բնակիչներին խոսք է տվել, որ կհոգա նրանց հոսանքի ապահովության հարցը, սակայն մինչ օրս ոչինչ չի արել: Չի փոխհատուցել նաև այն բնակիչների վնասները, որոնց հողատարածքների վրա կառուցվել են ՓՀԷԿ-ի հենասյուները:
Ըստ Արմեն Ավետիսյանի` նախատեսված 2 միլիոն դրամից տարեկան 500 հազար դրամը կփոխանցվի Լուսաձոր տեղամասի բնակիչների հոսանքի վարձավճարների համար, փոխհատուցում կտրամադրվի բնակիչներին, որոնց հողերի վրա կառուցված են հենասյուները: Ծախսերի մեջ է մտնում նաև դեպի Լուսաձոր տեղամաս տանող ճանապարհի նորոգումը: Համայնքապետի խոսքով` տարվա մեջ 2-3 անգամ այն նորոգման կարիք է ունենում:
Արմեն Ավետիսյան
Մարտունիում ՓՀԷԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը հաջողություն են համարում:
«Իշխանափոխությունից հետո մարդկանց մեջ հույս արթնացավ, որ խոսենք, մեր ձայնը տեղ կհասնի: Համայնքապետը միանշանակ դեր խաղաց. նա կանչեց իրենց, մինչև այսօր ոչ ոք չէր կանչել: Ինչքան էլ մտածենք, որ քիչ գումար է, բայց 7 տարի ոչինչ չունենալուց հետո էլի ձեռքբերում է», - ասաց Եղիազար Դավթյանը:
Հունիս 12, 2018 at 19:45