«Վեոլիա ջուր» ընկերությունը նոր` 2018թ-ին շարունակում է մերժել սարչապետցիներին ջուր տրամադրել

«Վեոլիա ջուր» ընկերությունը նոր` 2018թ-ին շարունակում է մերժել սարչապետցիներին ջուր տրամադրել

ԷկոԼուր

«Վեոլիա ջուր» ընկերությունը շարունակում է իր քաղաքականությունը Լոռու մարզի Սարչապետ գյուղում և նաև նոր` 2018թ-ին հրաժարվում է ջուր տրամադրել գյուղի որոշ ընտանիքների:
«Վեոլիա ջուրը» ընկերությունը 2017թ-ի դեկտեմբերի վերջին տասնօրյակում փորձեց մեղմել կոնֆլիկտը Սարչապետի բնակիչների հետ և մի փողոցի 11 ընտանիքի կանչեց իր գրասենյակ` բաժանորդ դառնալու համար դիմում գրելու: Մնացած 2 փողոցի ընտանիքները նման հրավեր չստացան, ավելին, 2017թ-ի դեկտեմբերին տուգանվեցին` ապօրինի ջրօգտագործման համար` չնայած որոշ բնակիչներ բաժանորդ դառնալու գործավարության համար վճարումներ են կատարել «Վիեոլիա ջուր» ընկերությանը: «Մինչև հիմա ոչ մի հարց չի լուծվել: Մենք տուգանքը չենք վճարել, ընկերությունն էլ մեզ բաժանորդ չի դարձրել: Ես ընդհանուր մոտ 20 խմ ջուր եմ օգտագործել մինչև տուգանք ստանալը: Հիմա ջուրը փակել եմ, էլ չեմ օգտագործում, մինչև հարցը լուծում ստանա: Տան մոտ ջրհոր ունենք, դրա ջրից ենք օգտվում»,- ԷկոԼուրին հայտնեց Սարչապետի բնակիչներից մեկը: Նա նշեց, որ իրենց նման էլի ընտանիքներ կան, որ հրաժարվել են քաշած ջրագծից հոսող ջրից, քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր»-ը սպասարկում է Ասիական զարգացման բանկի 40 միլիոն դոլլար վարկային միջոցներով` «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր - լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սարչապետում մասնակիորեն անցկացված խմելու ջրագծերը: 480 ընտանիք ունեցող համայնքի շուրջ 200 ընտանիք դուրս է մնացել ծրագրից և օգտվում է հորերի և աղբյուրների չվարակազերծված ջրից:

ԷկոԼուրը 2017թ-ի դեկտեմբերի 8-ին «Վեոլիա ջուր» ընկերությանը հարցում է ուղարկել` Սարչապետի բնակիչներին բաժանորդ չդարձնելու, տուգանելու պատճառների մասին, սակայն մինչ օրս ընկերությունը չի պատասխանել հարցմանը` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

19:15 Հունվար 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news