ԵՐԿԱԿԻ ՔԱՅԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ. ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՅՔ

ԵՐԿԱԿԻ ՔԱՅԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ. ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՅՔ

Կարինե Իոնեսյան, «ԱրմենիաՆաու»

Հայաստանի նախկին և ներկա առաջին տիկնայք ուրախացրին բնապահպաններին` ըստ էության միանալով նրանց կողմից երկար ժամանակ մղվող պայքարին և ստորագրելով մի դիմումի տակ, որը դեմ է կարևոր արդյունաբերական ծրագրի, որը, ըստ բնապահպանների, աղետալի հետևանքներ ունի: Սակայն մի քանի օր անց հասկացան, որ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որի էությունը լավ չէին հասկացել:

Օրեր առաջ Բելլա Քոչարյանի և Ռիտա Սարգսյանի ստորագրությունները հայտնվել էին Թեղուտի անտառի հատման և պղնձամոլիբդենային հանքավայր ստեղծելուն դեմ արտահայտվող` Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստների վերջին շաբաթվա ընթացքում հավաքած 5000 կողմնակիցների ստորագրությունների կողքին: Սա վերջին տարիներին Հայաստանում բնապահպանական ամենաաղմկահարույց թեմաներից է:

Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դնելով` առաջին տիկնայք ակամայից հակադրվեցին իրենց ամուսիններին, ովքեր, որպես պետության ղեկավարներ, իրենց ստորագրություններով ճանապարհ էին հարթել հանքավայրի շահագործման համար:

Հետագայում առաջին տիկնոջ օգնական Վիկա Ոսկանյանը հաստատեց, որ տիկնայք ստորագրել են փաստաթղթերը, սակայն պնդեց, որ նրանք չեն իմացել, թե ինչի ներքո են ստորագրում:

«Նրանց պարզապես հարցրել են, թե արդյոք միանո՞ւմ են կանաչ տարածքները պաշտպանելու իրենց ակցիային, նրանք էլ ստորագրել են, բայց որպես քաղաքացի և ոչ որպես նախագահների կանայք»,- հայտնեց Ոսկանյանը:

Սակայն խմբի ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը նշեց, որ կանայք տեղյակ են եղել, թե ինչ են ստորագրում, նույնիսկ Ռիտա Սարգսյանը, նրա ասելով, ճշտել է. «Դուք Թեղուտի հանքավայրերի խնդի՞րը նկատի ունեք», և ստացել է դրական պատասխան:

2007 թ. կառավարության 1278 -Ն որոշման համաձայն` Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում թույլատրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծերին համապատասխան` շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Արդեն իսկ հատվել է 21 հեկտար: Թեղուտի հանքերը շահագործելու լիցենզիան ստացել է «ԷյՍիՓԻ» ընկերությունը` նույն «Վալլեքս գրուպը»:

Նախկինում բազմաթիվ պետական գերատեսչությունների դիմաց պարբերաբար բողոքող երիտասարդները նախագահների կանանց հանդիպել են «Հաղթանակի» զբոսայգում, որտեղ նրանց հովանու ներքո հայ աստղերը պաղպաղակ էին վաճառում` ստացված դրամական հասույթը բարեգործական նպատակներով օգտագործելու համար: Նրանք ստորագրելուց առաջ ծանոթացել են դիմումի բովանդակությանը, որում գրված է, որ իրենք պահանջում են անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները:

Դիմումի մեջ նշված է եղել, որ հանքի շահագործման հետևանքով ստացվող թունավոր թափոնները (ծծումբ, կապար, մկնդեղ և այլն) կներթափանցեն հողի, օդի ու ջրերի մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները հանգեցնում են քաղցկեղի, անպտղության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների, ինչին արդեն ականատես ենք լինում այլ հանքավայրերին կից բնակավայրերում (Քաջարան, Կապան, Ալավերդի և այլն):

«Փաստորեն նրանք [առաջին տիկնայք] դեմ են արտահայտվել մի ծրագրի, որը իրագործվում է հենց իրենց ամուսինների շնորհիվ: Եվ նրանց քայլը տեսնելով` ստորագրահավաքին են միացել նաև հայ աստղերը` նույն Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը»,- ասաց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչները չգիտեն, թե այս փաստը որքանով կօգնի, քանի որ մինչև այսօր նրանց բազմիցս խոստումներ են տվել պետական գերատեսչություններում, որոնք ի կատար չեն ածել: Օրինակ` անցյալ տարի նրանց ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարական տալով ՀՀ բնապահպանության նախարարությանը մինչև դեկտեմբեր ամիսը իրականացնել 25 տարվա ծրագրի փորձաքննություն տարածքը օգտագործելու համար, հետո նոր շահագործել հանքը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանի խոսքով` իրենք ՀՀ կառավարությանն առաջարկել են դիմել Նիդեռլանդների անկախ փորձագիտական հանձնաժողով, որը կարող էր այդ աշխատանքները նույնիսկ անվճար կատարել, բայց դա նույնպես չի արվել, ուստի նրանք որոշեցին դիմել այլ քայլի:

«Հաշվի առնելով, որ 2001 թվականից տարբեր իրավասու պետական մարմինների կողմից ընդունվել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ կոպիտ խախտումներ են արձանագրվել` ինչպես մեր ներպետական օրենքների, ՀՀ սահմանադրության, այնպես էլ տարբեր միջազգային օրենքների, և այսօր դա ոչ ոք հաշվի չի առնում, մենք որոշել ենք դիմել վարչական դատարան»,- «ԱրմենիաՆաուին» ասաց այս գործով զբաղվող իրավաբան Հայկ Ալումյանը:

«Վալլեքս գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վահրամ Սահակյանը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ այն մեղադրանքներին, որոնք պատրաստվում են ներկայացնել անտառի պաշտպանները, ուստի չի կարող որևէ մեկնաբանություն տալ: Իսկ բնապահպանների կողմից բնությանը հասցվող վնասների նշումը`օդի, ջրի հետագա աղտոտվածությունը, Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բուսատեսակների վերացումը, նա մերժեց:

«Մենք ոչ մի հակաօրինական քայլ չենք կատարում ու հենց սկզբից էլ ասել ենք, որ չենք հավակնում իսպառ չեզոքացնել բնապահպանական վնասը, բայց պատրաստվում ենք հատված 357 հեկտարի փոխարեն անտառապատել 714 հեկտար ՀՀ տարբեր վայրերում: Բացի այդ, օրական շատ չնչին հատված է հատվելու, ուստի մենք չենք կարող վնասել կենդանիներին»,- ասաց Սահակյանը:

Իսկ ջրերի աղտոտումը նա իսպառ մերժեց` ասելով, որ իրենք օգտագործելու են
փակ շրջանառության համակարգ և արտահոսք չի լինի:

Սակայն Թեղուտի պաշտպանները հերքում են բոլոր պատճառաբանությունները` ասելով, որ իրենց տեսակետը փաստերով կարտահայտեն արդեն դատարանում: Իսկ մինչ այդ, նրանք այսօր` շրջակա միջավայրի պաշտպանության օրը, անցկացրին երթ ինչպես Թեղուտի, այնպես էլ այլ բնապահպանական խնդիրները ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար:

Հավաքված ստորագրությունները պատրաստվում են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս խնդիրը բարձրացնելու է նաև այս ամիս Եվրոպայի խորհրդի մակարդակով:

Հունիս 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր