VALLEX ԽՄԲԻ ՈՉ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱԴԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՏ, ՊՆԴՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

VALLEX ԽՄԲԻ ՈՉ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ՄԱԴԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՈՉ ՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՏ, ՊՆԴՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

ԷկոԼուր

Ալավերդի քաղաքին հարակից (Լոռու մարզ) արտադրական թափոնների աղբավայրը, որը հայտնի է որպես Մադանի գերեզմանոց, շատ է անհանգստացնում քաղաքի բնակիչներին: Գերեզմանոցը, որը պարունակում է տոքսիկ նյութեր` մասնավորապես մկնդեղ, ցանկապատված չէ, մակերեսը բաց է, եւ քամին թունավոր փոշին տարածում է շրջակայքի վրա: Գերեզմանոցի կողքին արածում են կենդանիները:

Ավելի վաղ գերեզմանոցը պատկանում էր Ալավերդու պղնձաձուլային կոմբինատին, որը ժամանակին ձեռք բերեց «Manes- Vallex» ընկերությունը: Մադանի գերեզմանոցի խնդրի վերաբերյալ «ԷկոԼուր»-ի հարցերին պատասխանում է «Vallex» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, որի մեջ մտնում է Ալավերդու կոմբինատի ներկայիս սեփականատերը` «АСР» ՓԲԸ-ն (Armenian Copper Program).

1. Ինչու՞ «Vallex»” ընկերությունն իր վրայից հանեց Մադանի գերեզմանոցի նկատմամաբ պատասխանատվությունը եւ այն դրեց «Manes» ընկերության վրա, եթե այդ ընկերությունները Ալավերդու համալիրը ձեռք բերեցին որպես մեկ անձ:

Ձեր կողմից հիշատակված վնասակար թափոնների ամբարը «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ի (ՄԳՄԳ ԲԲԸ) սեփականությունն է, եւ տեխնիկական համապատասխան վիճակի պահպանման  համար իրականացվելիք աշխատանքների պատասխանատվությունն այդ ընկերության վրա է ընկնում: Ամբարը երբեք չի պատկանել   «Vallex» խմբի ընկերություններից  եւ ոչ մեկին, եւ ընկերություններից ոչ մեկը, այդ թվում «Armenian Copper Program» ՓԲԸ-ն երբեք պատասխանատու չի եղել ամբարի վիճակի համար:

«Armenian Copper Program» ՓԲԸ-ն, որպես համատեղ ձեռնարկություն, (նախկինում «Manes ev Vallex») հիմնադրվել է 09.08.1997թ.` ՄԳՄԳ ԲԲԸ-ի եւ «Vallex F.M. Establishment» օտարերկրյա ընկերության համատեղ ներդրումների շնորհիվ: Հիմնադրման պայմանագրի համաձայն` ՄԳՄԳ ԲԲԸ-ն կանոնադրական կապիտալի  վճարման հաշվին ներդրել է արտադրական հզորություններ, իսկ «Vallex F.M. Establishment»-ը` ֆինանսական միջոցներ: Կողմերից յուրաքանչյուրը ձեռք է բերել իր ներդրումներին  համապատասխան բաժանետոմսեր: 1988թ. ՄԳՄԳ ԲԲԸ-ն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց երրորդ անձի,  դադարեց լինել «Manes ev Vallex» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սեփականատերը, եւ այդ ժամանակվանից որեւէ իրավաբանական առնչություն չունի «Vallex» խմբի ընկերությունների հետ:

2. Հերքելով մեր տեղեկությունները` ընկերութան ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը պնդում է, որը ընկերությունն արտադրական թափոնները Մադանի գերեզմանոց չի թափում:  Խնդրում ենք նշել, թե ինչ ծավալով եւ ստույգ ինչ են պարունակում Ալավերդու կոմբինատի թափոնները, եւ վայրը, որտեղ դրանք թափվում են:

«Armenian Copper Program» ընկերությունն իսկապես Մադանի գերեզմանոց չի թափում եւ չի թափել որեւէ թափոն: Ընկերությունը պահպանման ենթակա թափոն չունի եւ, հետեւաբար, դրանց համար պահանջվող հատուկ միջոցներ էլ չունի: Մետալուրգիական արտադրամասի արտադրական թափոնները (խարամ) իրականում վաճառվող ապրանք են, քանի որ որպես հումք են ծառայում որոշ շինանյութերի համար:

3. «Vallex» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ պետք է իրականացնի շրջակա միջավայրի պահպանման քաղաքականություն այն վայրերում, որոնք գտնվում են ընկերությանը պատկանող ձեռնարկությունների բացասական ազդեցության ներքո: Մտադի՞ր է արդյոք ընկերությունը բնապահպանական միջոցառումներ իրականացնել Մադանի գերեզմանոցի տարածքում: Ե’ւ դրական, ե’ւ բացասական պատասխանների դեպքում` ցանկացած պարագայում, խնդրում ենք պարզաբանել:

«Vallex» խմբի ընկերություններն իսկապես իրականացնում են շրջակա միջավայրի պահպանման եւ շրջակա միջավայրի վրա իրենց գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու քաղաքականություն:

Մթնոլորտային արտանետումների թույլարելի սահմանը գերազանցելու համար «Armenian Copper Program» ընկերությունն ամեն տարի ՀՀ  պետական բյուջե է վճարում էկոլոգիական վճարներ: Այդ վճարումների որոշակի մասը տրամադրվում է Ալավերդի քաղաքի պետական բյուջեին` այդ թվում, էկոլոգիական նախագծեր ֆինանսավորելու համար: Այդ վճարումներից բացի «Armenian Copper Program» ընկերությունը ծրագրում է ակտիվացնել էկոլոգիական ուղղվածության իր գործունեությունը եւ բնապահպանական միջոցառումների համար միջոցներ տրամադրել նաեւ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: Մասնավորապես, արդեն երկար տարիներ ընկերությունը «Manes» բարեգործական հիմնադրամի միջոցով ֆինանսավոում է Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում եւ մոտակա համայնքներում անցկացվող բնապահպանական միջոցառումները:

Հոկտեմբեր 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր