ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԸ

ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ  ՀԱՅՑԸ

ԷկոԼուր

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Deno Gold Mining» ընկերության դեմ հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորեց մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դա իրավաբանորեն սխալ որոշում է: «Մերժումից մեկ շաբաթ առաջ դատարանը կանգնեցրեց ընկերության գործունեությունը Շահումյանում հենց միայն կյանքի եւ առողջության վտանգի պատճառով` գործում ներկայացված ապացույցների հիման վրա»,-հայտարարեց նա: Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պաշտպանում է Կապան քաղաքի Շահումյան բանավանի սեփականատերերի իրավունքները: 

Խնդիրն այն է, որ Շահումյան բանավանը գտնվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վրա, որը ներկայումս շահագործվում է «Deno Gold Mining» ընկերության կողմից: Տարիներ շարունակ հանքավայրը շահագործվել է կանոնների կոպիտ խախտումներով: Հանքավայրի գետնանցքի վրայի հողի վերին շերտը փորփրված է, եւ հողը փլվում է` առաջացնելով փոսեր (տե’ս լուսանկարները): «Այստեղ կարելի է թաղվել հողի 30 մետրանոց շերտի տակ: Զգույշ եղեք, կփլվի, տակը կմնաք, ոչ ոք չի հանի»,- ասում է «Խուստուպ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով Շահումյան բանավան այցի ժամանակ ուղեկցում էր «ԷկոԼուր»-ի խմբին: 

Ընկերությունը խոստացել էր բնակիչներին տեղափոխման համար փոխհատուցում տալ: Փոխհատուցում ստացել են մի քանի սեփականատերեր:  Ներկայումս ընկերությունը դադարեցրել է փոխհատուցում տրամադրելուց` պատճառաբանելով գունավոր մետաղների համաշխարհային գների անկումը: Ինչպես հայտնի է, գները նորից բարձրացել են, իսկ ընկերությունը շարունակում է մերժել փոխհատուցման հարցում: Շահումյանի 77-ամյա բնակչուհի Արմիկ Ստեփանյանն ասում է. «Մենք ընդամենը երկու հոգի ենք` ես եւ ամուսին: Տղաներս մահացել են: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու: Այգին մշակում ենք, այն կերակրում է մեզ եւ թոռներիս: Ոչ մի փոխհատուցում ես չեմ ստացել, բոլորը խոստանում են եւ չեն տալիս»:

Հայցի մերժումից հետո 6 սեփականատերեր հրաժարվեցին դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: 28 սեփականատերերի անունից նոր հայց ներկայացվեց: Ինչպես հայտնի դարձավ, դատարանը մերժել է նաեւ նոր հայցը նույն հիմնավորմամբ:

Նոյեմբեր 12, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր