ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010Թ-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) աջակցությամբ գալիք տարում կիրականացվի «Անտառների վերականգնում եւ անտառապատում» 432 հազար դոլար արժողությամբ ծրագիրը: Այն նպատակաուղղված է հիմնականում Հրազդանի տարածաշրջանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը:
  
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՊԳԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գայանե Նասոյանը, ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին կտրամադրվեն ռազմավարական վերլուծություններ ու կանխատեսումներ, որոնք կօժանդակեն անտառտնտեսության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի լրամշակմանը, իսկ ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետների համար կկազմակերպվեն դասընթացներ: Բացի դրանից «Հայանտառ»-ին կհատկացվեն նոր սարքավորումներ եւ նյութեր: Զուգահեռաբար կբարելավվի նաեւ Հրազդանի տնկարանային տնտեսությունը:
  
Ըստ Գ.Նասոյանի`ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ծրագրի իրականացման համար տրամադրվող Հրազդանի տնկարանից բացի հատկացնելու է նաեւ 15 հա ցանկապատված հողատարածք եւ գրասենյակային համալիր:
  
Նշենք, որ ծրագրի իրականացմանը մասնակցող ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները, Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, «Հայաստան-ծառատունկ» հիմնադրամն ու Հայաստանի պետական ագրարային համալսարանը անտառների կառավարման գործընթացն իրականացնելուց բացի, կվերահսկեն նաեւ կատարվող աշխատանքների ընթացքը:

Նոյեմբեր 27, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր