

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակայնությունը խորապես մտահոգված է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի ապագայով: Արգելոցի էկոհամակարգի փխրուն կայունությունը, որին ոչ դյուրին ջանքերի գնով վերջին 3-4 տարիների ընթացքում հասել էր արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանը, հարվածի տակ է դրված նրա ողբերգական մահվան պատճառով: Խոսրովի պահպանմանն ու ծաղկմանը հատուկ գիտաժողով նվիրվեց, որը նախաձեռնել էր գիտական եւ էկոլոգիական հասարակայնությունը: Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարությունը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` WWF-Հայաստանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Հայաստանի բուսաբանական ընկերությունը «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը, Կովկասի պահպանվող տարածքների հիմնադրամը, ՄԱԿ-ի ԳԵՀ-ի Փոքր դրամաշնորհային ծրագիրը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւ այլն:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սամվել Շաբոյանի հիշատակը:
Գիտաժողովի մասնակիցները համընդհանուր աջակցությունն հայտնեցին «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի ներկայիս տնօրեն Վորոնցով Բարսեղյանին` բարձր գնահատելով նրա պրոֆեսիոնալիզմը, որսագողությանը, էկոհամակարգի ամբողջականության պահպանությանը վերաբերող խնդիրների նկատմամբ նրա սկզբունքային եւ գիտական մոտեցումը եւ այլն:
Ցավոք, միայն արգելոցի վարչական մարմնի ջանքերը բավարար չեն արգելոցի պահպանման համար, որը համեղ պատառ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն իշխանության լծակներ: Ամենամեծ կորուստների թվին են պատկանում, անշուշտ, «Գիլան»-ի հատվածը, որի կարգավիճակը իջեցվել է երկու անգամ: Եթե դժվար է արգելոցում ռեժիմ պահպանելը, ապա 60 տարի ժամկետով վարձակալության տրված արգելավայրում որեւէ ռեժիմ պահպանելը գործնականորեն անհնար է:
Խոսրովի մյուս ցավը Ուրցասարի լեռնաշղթան է, որն ընդհանրապես օտարվել է արգելոցից: Ուրցասարի լեռնաշղթայի հսկողությունն իրականացնում է Վայոց Ձորի ներկայիս մարզպետը: Հսկողության ռեժիմի նկատմամբ ամենայն վստահության հետ մեկտեղ պետք է նշել, որ ոչ մի անձնական հսկողություն ի վիճակի չէ փոխարինելու պետական հսկողությանը, հատկապես եթե դրա հետ մեկտեղ Ուրցասարի լեռնաշղթայի տարածքում, ինչպես այդ մասին վկայում են ինտերնետային գովազդները, գործում է «Safari International» որսորդական կազմակերպությունը:
Զեկուցողները` կենսաբանական գիտությունների դոկտոր Էլիոնորա Գաբրիելյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանը, գիտական հիմնավորում տվեցին, թե որքան կարեւոր են Ուրցասարի լեռնաշղթան եւ «Գիլան»-ը` Խոսրովի հարուստ ժառանգությունը պահպանելու եւ արգելոցում ռեժիմն ապահովելու համար:
Ուրցասարի լեռնաշղթան էնդեմիկ եւ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների բնակավայրն է, ինչպես նաեւ` հայկական մուֆլոնի բազմացման վայրը, որի պոպուլիացիան վերացման եզրին է: Գիլանի հատվածը հայկական մուֆլոնի ձմեռելու վայրն է: Միեւնույն ժամանակ, Գիլանը սահմանակից է Խոսրովի արգելոցային գոտիներին: Ներկայումս Գիլանում համալիր շինություն է կառուցվում, որի նշանակությունը դեռեւս անհայտ է: Ակնհայտ է, որ մուֆլոնները, ինչպես նաեւ մյուս կենդանիները, որոնք կփախչեն մարդու ներկայությունից ստիպված են այլ վայր փնտրել` ձմեռելու համար: Հարց` ու՞ր են գնալու:
Կոմյունիկեի նախագիծ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին նվիրված համաժողովի
պաշտոնական հաղորդագրություն
Համաժողովի մասնակիցները,
ՓԱՍՏԵԼՈՎ «Խոսրովի անտառ» արգելոցի կենսաբազմազանության, նրա գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային բացառիկ նշանակությունը,
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ «Խոսրովի անտառ» արգելոցի անփոխարինելի դերը Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանության տեսանկյունից,
ԸՆԴՈՒՆԵԼՈՎ , որ անհրաժեշտ է պահպանել «Խոսրովի անտառ» արգելոցի ներկայիս տարածքի ամբողջականությունն իր բնական վիճակում,
ՀԱՍՏԱՏԵԼՈՎ, որ «Խոսրովի անտառ» արգելոցն անհրաժեշտ է պահպանել ապագա սերունդների համար որպես համազգային բնապատմական ժառանգություն,
Հանդես են գալիս հետևյալ պաշտոնական հաղորդագրությամբ.
1. Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունն արգելոցում իրականացվող ծրագրերի և գիտական աշխատանքների շարունակականությանն աջակցելու հարցում:
2. Ողջունում ենք ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից վարվող կադրային քաղաքականությունը, որը ապահովում է գիտակ և փորձառու կադրերի պահպանումը և ներգրավումը արգելոցի վարչական և դաշտային անձնակազմում:
3. Ողջունում և բարձր ենք գնահատում «Խոսրովի անտառ» արգելոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված գրքի հրատարակումը և նման այլ հրատարակությունների նախաձեռնումը:
4. Մտահոգություն ենք հայտնում բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակի իջեցման վտանգի վերաբերյալ: Կոչ ենք անում կիրառել էկոհամակարգային մոտեցում և ապահովել արգելոցի տարածքի ամբողջականությունը, ինչպես նաև աշխատել էկոլոգիական միջանցքների ստեղծման ուղղությամբ, որոնք կկապեն արգելոցը այլ պահպանվող տարածքների հետ:
5. Հաստատում ենք գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտնականներին ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների աշխատանքներում ընդգրկվելու համար համապատասխան խթանների և պայմանների ստեղծման կարևորությունը: Առանձնահատուկ կարևորում ենք գիտական հետազոտությունները պետական պատվերի շրջանակում իրականացնելու անհրաժեշտությունը:
6. Շեշտում ենք արգելոցում էկոկրթության, գիտության և մոնիթորինգի իրականացման կարևորությունը: Կարևորում ենք արգելոցի օգտագործումը կրթական և գիտական նպատակներով:
7. Կոչ ենք անում իրականացնել հանրային լսումներ այն դեպքերում, երբ պատրաստվում են փոփոխություններ ի վնաս գոյություն ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ):
8. Առաջարկում ենք կիրառել առաջավոր միջազգային փորձը արգելոցի հետ կապված հարցերում:
9. Առաջարկում ենք 2010թ-ի ընթացքում կազմակերպել ԲՀՊՏ-ներին նվիրված կոնֆերանս/համաժողով` դրանց հետ կապված տարբեր հարցեր քննարկելու նպատակով (ներառյալ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կառավարման, մասնագետների ընտրության, հզորությունների ստեղծման և այլ հարցեր): Հայտնում ենք մեր պատրաստակամությունը կոնֆերանսի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցելու վերաբերյալ:
10. Կարևորում ենք հստակ բնապահպանական հայեցակարգի (էկոքաղաքականություն) անհրաժեշտությունը, որը օրենքի ուժ կստանա և կապահովի բնապահպանական ոլորտում համակարգված գործողությունների իրականացումը:
Գիտաժողովի մասնակիցների կողմից լրացումների կատարումից հետո կոմյունիկեն կներկայացվի ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Դեկտեմբեր 18, 2009
