

Panorama.am
«Աշխարհում 2 քաղաք է, որ հայտնի է իր սմոգով` թունամշուշով, Լոնդոնը և Լոս Անջելեսը, նրանց ես կգումարեի նաև Երևանը»,- այսպիսի հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը` Սարդարապատ շարժման կողմից հրավիրված հերթական քննարկման ժամանակ:
Կ. Դանիելյանը քննարկումը սկսեց` ներկայացնելով Հայաստանի, մասնավորապես, Երևանի բնապահպանական վիճակը:
Նա նշեց, որ խնդիրները ծնվել են խորհրդային տարիներին: Երևանում այսօր էլ առկա այս երևույթը պայմանավորված է մի կոմղից բնակլիմայական պայմաններով, մյուս կողմից էլ արտադրական փոշիով:
Բնապահպանը հիշեց, որ 1990-ականներին լոնդոնյան թունամշուշի պայմաններում, երբ քաղաքում սմոգը ցրող քամի չի եղել մի քանի օր, անգամ մարդկային զոհեր են եղել:
«Երբ հանրապետությունում արտադրությունը կանգնեց, թվում էր Երևանը կփրկվի սմոգից: Սակայն իրավիճակի փոխոխությունն ազդեց միայն խնդիրների բնույթի վրա: Ներկայումս էլ քաղաքաշինական հիմնահարցերն են ծնում Երևանում բնապահպանության տեսանկյունից աղետալի վիճակ»:
Կարինե Դանիելյանը նկատեց, որ մի երկար ժամանակ մեր երկրում բնապահպան բառն անգամ բացասական իմաստ ուներ, քանի որ բնապահպանական շարժման արդյուքում ծնված քաղաքական բողոքի ալիքը 1980-ականների վերջին հանգեցրել էր էներգետիկ ճգնաժամի, որն էլ կազմալուծել էր տնտեսությունը և կաթվածահար արել ողջ հանրապետությունը:
Կ. Դանիելյանը նկատեց, որ բնապահպանական խնդիրները սրվել էին Հայաստանում դեռևս խորհրդային տարիներին. խորհրդային գաղափարախոսությունը բացառում էր սոցիալիստական կարգերի կողմից բնության չարաշահումը, նշանակում է, այդ երկրում չէին կարող լինել բնապահպանական խնդիրներ:
Արդյունքում 1970-ականներին սրվեցին բնապահպանական խնդիրները, առաջ եկավ մինչև իսկ բնապահպանական պայթյունի վտանգ: Սկսվեցին քննարկվել նմանօրինակ հարցեր, սակայն չէին նշվում կոնկրետ քաղաքներ կամ երկրներ, որտեղ ծառանում էին այս խնդիրները:
Խորհրդային միությունը` տարված ԱՄՆ-ի հետ մրցակցությամբ, չէր մտածում մաքրող սարքերի տեղադրման մասին, որոնք հավելյալ գումաներ էին պահանջում: Իսկ հետագայում բացասական հետևանքները վերացնելուն ուղղված քայլերը ոչ արդյունավետ էին և թերի: Նրա խոսքերով այդպիսին էր ` օրինակ Արփա-Սևանի կառուցումը Հայաստանում:
Փետրվար 16, 2010
