ՏԵՍՉՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոնա Հակոբյան, «Ռադիոլուր»

2009 թ բնապահպանական պետական տեսչությունը մի շարք աշխատանքներ է իրականացրել թե կենդանական աշխարհի, թե հողերի պահպանության եւ թե թափոնների տեղադրման ուղղությամբ: Արդյունքներից տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը գոհ է: Պետբյուջե է մուտքագրվել 121 մլն դրամի չափով գումար:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ նախորդ տարիների համեմատ խախտումները գնալով նվազում են: Պատճառը եւ տեսչության արդյունավետ աշխատանքն է, եւ հասարակության ահազանգերը: «Ռեալ ահազանգ ունենալով՝ մենք կարողանում ենք ճիշտ ժամանակին լինել այնտեղ, որտեղ խնդիր կա»,- ասաց:

Տարին դեռ նոր է սկսվել, սակայն արդեն կան մի շարք խախտումներ: Օրինակ՝ հունվարի 23- ին ձկների մասսայական ոչնչացման դեպք է արձանագրվել Կոտայքի մարզի Հրազդան գետում: Փորձաքննությունը պարզել է, որ գետի ջրում ազատ քլորի մեծ քանակություն կա: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ:

Փետրվարի 7- ին էլ առգրավվել է 450 հատ «Սիգ» տեսակի ձուկ եւ հանձնվել է Երեւանի թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցին:
 
Ավելի խոշոր դեպք է գրանցվել Վայոց ձորի Արփի գյուղի տարածքում` Արփի գետից: Այլ երկրի քաղաքացիների կողմից արգելված միջոցներով «գետի կողակ» ձկնատեսակի ապօրինի որսի փաստի հայտնաբերման արդյունքում առգրավվել է 1585 հատ ձուկ, այն եւս հանձնվել է գիշերօթիկ դպրոցներից մեկին, իսկ որսագողերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

«Հոսանքի օգնությամբ որսագողերը փորձել էին ձուկ որսալ։ Արդյունքում՝ բնությանը պատճառված վնասի գումարի չափը կազմում էր 1 մլն 585 հազար դրամ»,- տեղի ունեցածը մանրամասնեց տեսչության պետի տեղակալը:

Նախարարի հանձնարարությամբ այժմ ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում որսագողության հավանական վայրերում: Բնության պահպանության համար պայքարում է բնապահպանական պետական տեսչությունը: Վերահսկողության պարտականությունը օրենքով դրված է միայն տեսչության եւ ոստիկանության վրա, սակայն ներկայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց հերթին փորձում են օգնել պետական կառույցներին:

Տեսչության աշխատանքերին օգնում է նաեւ Բնության համաշխարհային հիմնադրամը: Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի խոսքով՝ որսագողության հետքեր են հանդիպում Կարմիր գրքում գրանցված անհետացող գրեթե բոլոր տեսակների նկատմամբ, այդ թվում հովազի, ընձայռուծի, հայկական մուֆլոնի, բեզուարյան այծի, քարայծի:

«Շատ դժվար է այդ որսագողերին հայտնաբերելը եւ համապատասխան պատիժ տալը: Նույն հայկական մուֆլոնը, որոնցից մնացել է 250- ը բնության մեջ, չէր պահպանվել մինչ օրս հատուկ պահպանվող տարածքների միջոցով: Ստեղծելով «Արեւիկ» ու «Զանգեզուր»- ը, այդ եւ մի շարք այլ կենդանատեսակներ կպահպանվեն նոր արգելոցների շնորհիվ»:

Ի դեպ՝ տուժը կրկնապատկվում եւ եռապատկվում է, եթե կենդանին սպանվել է հենց պահպանվող տարածքում:

«Եթե սպանել են հայկական մուֆլոն, բեզուարյան այծ կամ ընձայռուծ, տույժը 3 մլն դրամ է, եթե այդ որսագողությունը իրականացվել է հատուկ պահպանվող տարածքում, 3 մլն-ը դառնում է 9 մլն»:

Նորաստեղծ արգելոցները, սակայն, չեն կարող ինքնանպատակ գործել: Առանց այդ տարածքների մերձակա գյուղերի զարգացման շատ դժվար կլինի պահպանել կենսաբազմազանությունը, նշեց Կարեն Մանվելյանը:

Փետրվար 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր