ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները։ ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները։
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին։
Ազգային պարկի ստեղծումը երեք ծրագրերից մեկն է, որ վարչապետի հանձնարարությամբ պետք է գտնվի բնապահպանության նախարարի հսկողության ներքո։ Ըստ նախագծի պատասխանատուների` կատարվել է լուրջ աշխատանք, եւ շոշափելի արդյունքներն ակնկալվում են արդեն տարվա վերջին։
Ծրագիրն ունի երկու հատված` ներդրումային ծրագրի մասնաբաժին եւ համայնքային զարգացման ծրագրեր։ Վարչապետին զեկուցել են, որ գործընթացները համադրելու համար արվել է հնարավոր ամեն ինչ։ Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի եւ համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Այն իրականացնում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը։
Կառավարության ղեկավարը կարեւորել է մասնավոր հատվածի ներգրավմամբ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որը կլինի յուրատեսակ բիզնես մոդել։ Այն կզբաղվի գյուղացիներից գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերմամբ ու վաճառքով։ Համայնքների ղեկավարները նախ իրենց երախտագիտությունն են հայտնել վարչապետին ծրագրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա ներկայացրել են առկա խնդիրներն ու ծրագրի իրականացման վերաբերյալ իրենց պատկերացումները։
Ամփոփելով խորհրդակցությունը` Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը դրական է գնահատվում ոչ միայն կառավարության, այլեւ համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղված է համայնքների զարգացմանն ու կարող է արդյունավետ իրականացվել միայն նրանց մասնակցությամբ։ Վարչապետը ծրագիրը կարեւորել է նաեւ կառավարության գործունեության գերակայություններից մեկի` օրգանիկ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգին համահունչ լինելու տեսանկյունից։
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարական է տվել պատկան գերատեսչություններին` ստեղծել նպաստավոր պայմաններ ծրագրի իրականացման համար։ Մասնավորապես, հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին ներկայացնել բնապահպանության նախարարության տեսակետն ու բիզնես մոդելի ընտրության տարբերակները, ինչպես նաեւ իրականացման ժամանակացույցը. «Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլեւ համայնքների զարգացման նախաձեռնություն։ Բնապահպանական խնդիրների լուծման այս փորձը տարածելու ենք նաեւ այլ համայնքների վրա»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով «Արփի լիճ» հատուկ պահպանվող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին` վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարարին հանձնարարականներ է տվել` ներկայացնել առաջարկություններ տվյալ տարածքի ճանապարհաշինության վերաբերյալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը։
Մարտ 17, 2010
