

Անահիտ Փիլոսյան. «Հայք»
Այն փաստը, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները իրականում լավ չեն պահպանվում, չեն ժխտում անգամ բնապահպանության նախարարությունում: Բնապահպանները հաճախ դժգոհում են հատկապես արգելավայրերի վիճակից: Նախարարությունը, սակայն, թույլ պահպանությունը պատճառաբանում է օբյեկտիվ պատճառներով:
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը կարծիք հայտնեց, որ նոր քարտեզագրման աշխատանքները ցույց կտան, թե արդյո՞ք պահպանվող տարածքների ռեժիմի փոփոխության անհրաժեշտություն կա, թե ոչ: Արամ Աղասյանը համոզված է նաեւ, որ խորհրդային տարիներին սխալ քարտեզագրման արդյունքում հաճախ ոչ ռեալ տարածքներ են հատկացվել արգելավայրերին, եւ այդ պատճառով հնարավոր չէ լիարժեք պահպանել: «Իրոք, կան արգելավայրեր, որոնք ընդամենը թղթի վրա են, բայց դա չի նշանակում, որ արգելավայրերի ռեժիմը պետք է խստացնենք, ես կասեի նույնիսկ հակառակը: Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք շատ սահմանափակ տարածքի վրա, որտեղ կան նաեւ շատ սոցիալ-տնտեսակայն խնդիրներ: Միայն արգելանքի մեթոդներով հնարավոր չէ պահպանել բնությունը: Հիմա գնում են քարտեզագրման աշխատանքներ, եւ բոլոր տարածքները վերանայվում են»,- հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալված բնապահպանության նախարարության աշխատակիցը:
Արամ Աղասյանն իբրեւ օրինակ նշեց նորաստեղծ «Արեւիկ» ազգային պարկը, որի համար սկզբում նախատեսել էին արգելոցի կարգավիճակ տալ, բայց քանի որ այդ հսկայական տարածքի վրա հնարավոր չէր եւ անհրաժեշտություն չկար խստագույն ռեժիմ սահմանել, ազգային պարկի կարգավիճակ տրվեց տարածքին, որտեղ կան պահպանության տարբեր ռեժիմներով գոտիներ:
Ակումբի մյուս հյուրը բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանն էր: Նույն հարցի առնչությամբ պարոն Մանվելյանը ասաց, թե իրականում կարեւորը պահպանման ռեժիմը չէ: «Եթե լավ կառավարվի, նշանակություն չունի արգալավայր է, թե արգելոց, կարեւորը` պետք է ձգտենք էֆեկտիվ կառավարման սիստեմի, որն ունենք «Խոսրովի», «Շիկահողի» արգելոցներում: Նոր պահպանվող տարածքներում նույնպես դա ենք ակնկալում, անկախ թե ինչ կատեգորիա կլինի: Պահպանվող տարածք ստեղծելն ինքնանպատակ չէ. մենք ունեն նաեւ հարակից համայնքների զարգացման ծրագիր»,- ասաց պարոն Մանվելյանը:
Նկատենք, որ այս կազմակերպությունը լուրջ ներդրումներ է կատարում Հայաստանի ինչպես արդեն գործող հատուկ պահպանվող տարածքներում, այնպես էլ նորաստեղծներում` «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում: Արգելոցներում էլ այս կազմակերպությունն էկոտուրիզմի զարգացման ծրագրեր ունի, մասնավորապես «Խոսրովի անտառ» եւ «Շիկահողի» արգելոցներում են կատարել բավականին աշխատանքներ: Ի դեպ, «Խոսրովի անտառ» արգելոցում բիզնես է ծավալել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսելով հատուկ պահպանվող տարածքներում որսագողության դեպքերի մասին` երկու բանախոսներն էլ նշեցին, թե վերջին շրջանում որսագողերը կարծես թե պակասել են, իսկ տեսուչներն էլ ավելի զգոն են դարձել: «Վերջին 4-5 տարվա միջոցառումները եւ բյուջեի հատկացումների շնորհիվ բավականին լավացել է հատուկ պահպանվող տարածքների վիճակը: Տեսուչներն էլ հիմա ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան նախկինում, բայց չի կարելի ասել, թե խնդիրներ չունենք»,- ասաց Արամ Աղասյանը: Կարեն Մանվելյանն էլ ավելացրեց, թե իրենց մասնագետները հատուկ ձեւ են մշակել որսագողերին հատուկ պահպանվող տարածքներում ավելի արդյունավետ վնասազերծելու համար: Ավելացնենք, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները չորս խմբի են բաժանվում` արգելոց, արգելավայրեր, ազգային պարկ եւ բնության հուշարձաններ: Գոյություն ունի 4 ազգային պարկ, 3 արգելոց, 27 արգելավայրեր եւ 230 բնության հուշարձան:
Ապրիլ 07, 2010
