

Էկոլուր
«Արմատ» ակումբում տեղի ունեցավ Հայաստանում որսագողության խնդիրների մասին մամուլի ասուլիս: Հրապարակված հոդվածները կարդացեք ներքևում:
Փորձագետն անձամբ գրանցել է մոտ 40 որսագողության դեպք»
Պանորամա
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում բեզորյան այծի, հայկական մուֆլոնի, առաջավորասիական ընձառյուծի գոյությունը վտանգված է:
«Մոտ մեկ ամիս առաջ մենք եղել ենք Սյունիքում և այնտեղ ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ արտասահմանյան որսորդներ են եկել Սյունիք, որոնք որսորդությամբ են զբաղվում»,- ասաց նա:
Նա նշեց, որ եթե երկու տարի առաջ, օրինակ «Սաֆարի ինթերնեյշնլ» ընկերության կայքում Հայաստանում որսորդական տուրի համար նշված էր 3500-4500 դոլար, ապա այս տարի մի շարք միջազգային կայքերում Հայաստանում որսորդական տուրի համար պահանաջվում է 15 հազար եվրո:
«Մենք իրավունք չունենք վաճառելու մեր բնությունը»,- ասաց նա:
Ինգա Զառաֆյան նշեց, որ Սյունքի մարզում ապրող անկախ փորձագետն իրենց հայտնել է, որ երկու տարվա ընթացքում ինքն անձամբ գրանցել է մոտ 40 որսագողության դեպք:
«Սակայն ՀՀ ոստիկանության տվյալներով` ՀՀ-ում 2009 թվականին գրանցվել է 4 որսագողության դեպք, իսկ այս տարի հունվարից մինչև ապրիլ ևս 4 դեպք»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքերով, իրենք չունեն այս ամենի դեմ պայքարելու միջոցներ, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը ունի շատ ստույգ պայքարելու մեխանիզմներ:
Նրա խոսքերով, շատ ուրախալի էր, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը առանձնացրել է երեք հատուկ պահպանվող տարածք, սակայն ցավալի է, որ տարիներ առաջ Խոսրովի արգելոցից տարանջատվել է երկու կարևորագույն տարածք` Ուրցասարի լեռնաշղթան, ինչպես նաև` Գիլանի տարածքը, որն էլ դարձել է արգելավայր:
«Արմաշի ձկնաբուծական ջրամբարների տարածքում ոչ որսորդային սեզոնին թռչունների որս են սկսել»
Պանորամա
«Որսագողության խնդիրները մեր հանրապետության տարածքում բավականին լուրջ բնույթ են կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ անցած տարի Էկոլոգիական հասարակական դաշինքը և «Թռչնասերների կենտրոն»-ը բազմաթիվ նամակներ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը մի խնդրանքով` որպեսզի նախարարությունը միջամտի Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների անօրինական որսին:
«Արարատ սաֆարի» ընկերությունը Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական ջրամբարների տարածքում ոչ որսորդային սեզոնին թռչունների որս է սկսել: Այս տարածքը, այն Հայաստանի տարածքներից է, որտեղ բնադրվում են և չուի ժամանակ իջևանում են ջրաճահճային թռչունների շատ հազվագյուտ տեսակներ: Այժմ մեր հանրապետությունում չկա մի տարածք, որը կարողանա փոխարինել Արմաշի լճերին»,- ասաց նա:
Սիլվա Ադամյանը հայտնեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությանը ուղարկված նամակում իրենք խնդրել էին կազմել մի խումբ, որը կփորձի կարգավորել իրավիճակը Արամշի լճերում:
«Սակայն մենք էական պատասխան չստացանք մեր ուղարկած նամակին: Նախարարության կողմից մեր նամակին տրված պատասխանում գրաված է, որ իրենք չեն կարող խնդիրը համակարգել և խումբ կազմել, այլ դուք փորձեք ձեր ուժերով լուծում տալ այս հարցին: Եվ այս հարցը մինչև հիմա բաց է մնացել»-հավելեց նա:
Նրա խոսքով, քանի որ այդ տարածքները սեփականաշնորհված են, դրա համար այս խնդրի լուծումը շատ բարդ է:
«Մենք չգիտենք ինչպես այս խնդրին մոտենալ և ինչ լուծումներ գտնել, եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը ասում է, որ սա մեր խնդիրը չէ, ինչպես ուզում եք խումբը կազմեք և ինչպես ուզում ենք խնդիրը լուծեք: Ես չգիտեմ, որ այս խնդրի համար ով պետք է պասախան տա, ում պետք է դիմել, որպեսզի պատասխանատու անձիք պատասխան տան այս իրավիճակի համար» ,-հավելեց նա:
Մայիս 20, 2010 at 09:30
