ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՖՈԲԻԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՖՈԲԻԱՆ

Էկոլուր

Վերջին շաբաթվա ընթացքում ուրանային ծրագրի իրականացումը Հայաստանում առնվազն երեք անգամ քննարկվեց: Մայիսի 21-ին տեղի ունեցավ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կազմակերպած աշխատանաքային հանդիպումը հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց «Ուրանաֆոբիա» ֆիլմը (արտադրված «Էկոլուր» հկ-ի կողմից), որտեղ արտացոլված է ուրանային ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական պաշտոնյանների, «Հայ-ռուսական լեռնաքանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի և ծրագրին դեմ դուրս եկած Սյունիքի մարզի բնակչության, անկախ փորձագետների և հասարակական կազմակերպույթունների միջև առկա հակամարտությունը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի սպառողների միությունը, Թռչնասերերի կենտրոնը, «Բուրգ» երիտասարդական էկոլոգիական կենտրոնը, «Էկոլուրը» չեն փոխել իրենց ծայրահեղ բացասական վերաբերմունքը ուրանային ծրագրի նկատմամբ: Հանդիպումը շարունակվեց Սյունիքում մայիսի 24-ին: Կապանի Օրհուս կենտրոնում քննարկում անցկացվեց լայն հասարակության ներկայացուցիչների, Սյունիքի մարզի ղեկավարության, Կապանի քաղաքապետարանի և տեղի բնակչության մասնակցությամբ: Լեռնաձոր համայնքում, որի տարածքը ընդգրկված է ուրանի պաշարների հետազոտության մեջ, հանդիպում անցկացվեց բնակիչների և գյուղի ղեկավարության հետ: Սյունիքում սոցիալական լարվածությունը ուրանի ծրագրի դեմ անհամեմատ ավելի մեծ է: Մարդիկ մտադիր են ստորագրահավաք սկսել, իսկ եթե ստիպված լինեն, ապա դուրս կգան փողոց: Դա բացատրվում է հետևյալ պատճառներով: Առաջին հերթին, ծրագիրը որոշվել է իրականացվել հենց Սյունիքում: Երկրորդ հերթին, ծրագրի ղեկավարների` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի, ինչպես նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հենց առաջին հանդիպումը 2009 թ. օգոստոսին ցույց տվեց, որ հասարակության կարծիքը խեղաթյուրվել է հանդիպման արձանագրության մեջ:

Նշենք, որ հենց այդ արձանագրությունը, որը որպես պաշտոնական փաստաթուղթ ներառվեց ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության փորձագիտական եզրակացության փաթեթի մեջ, մինչ օրս չի փոխվել, չնայած Էներգետիկայի նախարարությունը ընդունել է, որ այն ճիշտ չի կազմված:

«Արևորդի» ակումբում էկոլոգիական ֆիլմերի ամենօրյա ցուցադրման և դրանց քննարկման շրջանակներում մայիսի 22-ին տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո ուրանային ծրագրի վերաբերյալ քննարկում անցկացվեց: Նշենք, որ ցուցադրության մասնակիցները տվեցին հենց այն հարցերը, որոնք հիմնարար են համարվում ուրանային ծրագրի համար: 1. Արդյո՞ք ուրանը վտանգավոր է մարդկանց առողջության համար, և եթե այո, ապա ինչու՞ է ֆիլմում խոսվում դրա անվտանգության մասին (այդ մասին խոսում են ծրագրի ղեկավարները): 2. «Ի՞նչ կտա մեզ և երկրին ուրանային ծրագիրը: 3. Մեզ հավաստի տեղեկատվություն է անհրաժեշտ և որտեղի՞ց կարելի է այն ստանալ:

Նշենք, որ հենց նույն օրերին Հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա խոսեց նաև ուրանային ծրագրի մասին և հայտարարեց, որ դեռ միայն հետազոտություն է անցկացվում: Ինչ վերաբերում է Բնապահպանության նախարարարությանը, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ նախարարությունը ընդհանրապես որևէ առնչություն չունի ծրագրի հետ: Սակայն «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ստեղծման պայմանագիրը ստորագրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել նաև ՀՀ Բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձագիտության նախագահ Ավետիսյանը:

Մայիս 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր