ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էկոլուր

«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպությունը պահանջում է հասարակական լսումներ անցկացնել ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի կառուցման վերաբերյալ: ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 23-ի թիվ 836-Ն որոշմամբ Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի տարածքում աշխատանքներ են իրականացվում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների գերեզմանոցի տեղագրման համար: Մեզ անհանգստացնում են հետևյալ հարցերը.

Կոնկրետ ինչ թափոններ և ո՞ր գործարանների/կազմակերպությունների թափոնները պետք է թաղվեն գերեզմանոցում: Ինչու՞ Զանգակատուն գյուղում չեն անցկացվել հասարակական լսումներ, արդյո՞ք առկա է այս հարցող պետական փորձաքննության եզրակացությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, և եթե այն կա, ապա ի՞նչ փաստաթղթեր են ընկած այդ եզրակացության հիմքում:

Նշենք, որ Զանգակատուն համայնքում հորատման աշխատանքները սկսել են այս տարվա ապրիլին առանց գյուղի բնակչությանը և ղեկավարությանը զգուշացնելու: Աշխատանքներն իրականացնում է «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ը: Զանգակատուն գյուղի բնակիչների անհանգստությունն այնքան է աճել, որ վերջիններս փակել են ճանապարհը և վռնդել են հորատողներին իրենց տարածքից: Արարատի մարզի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները ներկայացրել են ծրագրի դեմ իրենց փաստարկները: Մասնավորապես,

• Գյուղի սահմանի և գերեզմանոցի կառուցման հնարավոր վայրի հեռավորությունը ընդամենը 600-700 մ է:
• Ընտրված տարածքը գտնվում է ցանքատարածությունների և արոտավայրերի համար նախատեսված համայնքային հողերի կենտրոնում:
• Երեք գյուղերի` Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Երասխ գյուղերի ոռոգման ջրի խողովակները հորատողների աշխատանքի վայրից ընդամենը 200 մ հեռավորության վրա են:
• Գերեզմանոցի համար ընտրված տարածքում ապրում են բույսերի և կենդանիների Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ:

Վերոնշյալ ծրագրի իրականացման ընթացքում թափանցիկության բացակայությունը հանգեցրել է Զանգակատուն գյուղում իրավիճակի սրմանը, և պատճառ է հանդիսացել, որ աշխատանքների ղեկավար Մարատ Գրիգորյանը դիմի կառավարությանը` աշխատանքների իրականացման ժամանակ իր աշխատանքային խմբի անվտանգությունը ապահովելու նպատակով:

Մայիս 31, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր