ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

Արմենպրես

«Մեզ հաջողվեց ոչ թե նվազեցնել վտանգը, այլ իսպառ վերացնել»,- Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքները գնահատելով` «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Էկոնոմիկայի վարչության բյուջետային ծրագրավորման եւ գնումների գործընթացի համակարգման վարչության բաժնի պետ Ռոման Չոբանյանը: Նրա հավաստմամբ` այս պահի դրությամբ վտանգը չեզոքացված է եւ շրջակայքում թունաքիմիկատների հոտ չկա: «Այս պահին առաջնային խնդիրը վտանգը չեզոքացնելն էր»,- ասաց Ռ. Չոբանյանը` նշելով, որ Նուբարաշենում կա ընդհանուր ծավալով 15-ից 20 հազար տոննայի հասնող թունաքիմիկատ եւ հողի աղտոտված շերտ:

Վտանգը հաջողվել է չեզոքացնել կատարված աշխատանքների շնորհիվ, որոնք արդեն ավարտման փուլում են եւ վերջնականապես կավարտվեն հունիսի 28-ին: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում արդեն իսկ իրականացվել է ցրված թունաքիմիկատների եւ աղտոտված հողաշերտի հավաքում ու կենտրոնացում տարածքի վերին շերտում: Տարածքը հարթեցվել է, սուր, ծակող առարկաները հավաքվել ու թաղվել են տեղում, վերին շերտը ծածկվել է հաստ ռուբիրոիդ թաղանթով (տոլ), որը ծածկվել է 50-ից ոչ պակաս սմ հաստությամբ կավահողով: Իրականացվել է ջրահեռացման համակարգի մաքրում, վնասված հատվածների վերականգնում եւ փշալարապատ գոտու կառուցում: Այժմ ընթանում են շինմոնտաժման աշխատանքներ կասկադի տեսքով նոր ջրահեռացման համակարգի կառուցման ուղղությամբ եւ ավարտական փուլում է գտնվում վտանգի մասին զգուշացնող ու մուտքն արգելող նշանների տեղադրման գործընթացը: Իսկ աշխատանքների եզրափակիչ փուլում նախատեսվում է տեղադրել շարժական վագոն-տնակ պահակային ծառայության համար:

Այս ծրագրերի իրականացմանը հատկացվել է 31մլն 650 հազար դրամ, որից 650 հազար դրամը նախատեսված է եղել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, 31մլն դրամը` կապալային աշխատանքների կատարման համար: Հաշվի առնելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանայել է 2010թ. իր ենթակայությամբ իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունը եւ կառավարությանն է ներկայացրել 2010թ. պետական բյուջեում երկու ծրագրի մասով վերաբաշխում կատարելու, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 4մլն 438 հազար դրամ հատկացնելու որոշման նախագիծ, որը հավանության է արժանացել: Բնապահպանության նախարարության կողմից վերանայված ծրագրերը Ռ. Չոբանյանը համարում է բավականին լուրջ: «Դրանք ՀՀ ջրի ազգային ծրագրի պահանջներին համապատաասխան մոնիտորինգի ծրագրի մշակման եւ ջրային ռեսուրսների ու պաշարների արդիական բնութագրերի ճշգրտման աշխատանքներն են: Այս ծրագրերը մենք կփորձենք ներառել 2011թ-ի բյուջեում, քանի, որ այդ խնդիրները եւս բավականին կարեւոր են. մեր երկիրը կարծես թե ջրային ռեսուրսների սպառման եզրին է»,- ասաց բաժնի պետը, նշելով, որ իրենց գլխավոր խնդիրը էկոլոգիական անվտանգությունը ապահովելն է:

Հունիս 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր