

Ա1+
«Հայանտառ»-ի «Կապան անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կատարված սեզոնային եւ ախտաբանական հետազոտությունները նպատակ ունեն պարզել և գնահատել անտառների սանիտարահիգիենիկ վիճակը։ Անցումային հատումներ են սկսվել Առաջաձորի, Նորաշենիկի եւ Սյունիքի անտառպետություններում։ «Հատվում են այն ծառերը, որոնք կորցրել են կենսունակությունը, ու հետաքրքիր է, որ հիվանդ ծառեր չկան»,-ասում է մասնաճյուղի ավագ անտառապետ Սերյոժա Ազարյանը։
Անտառներում սրսկումներ այս տարի չեն կատարվի։ «Միայն նկատելի է կաղնու ալրացման հիվանդություն, այն էլ շատ քիչ է, եւ հիվանդությունը կանխելու աշխատանքներ իրականացվում են»,- նշում է ավագ անտառապետը։ Միայն հատումների շնորհիվ չէ, որ անտառը թարմանում է։ Անընդհատ լրացումներ են կատարվում։ Կապանի տարածաշրջանում 2010թ-ին նախատեսվել է 20 հա-ի չափով ծառատունկ։ 10 հա արդեն իրականցրել են, իսկ մյուս կեսը աշնանը կկազմակերպեն։
Հիմնականում տնկում են արժեքավոր ծառեր՝ ընկուզենի, կաղնի, սոսի, նաեւ՝ մրգատու ծառեր։ Իսկ ամենամեծ ծառատունկը կազմակերպել են Գեղիի տարածքում։ «Այստեղ 6-7 տարի առաջ հրդեհ էր բռնկվել, եւ գիհի տեսակի ծառերը ոչնչացել էին։ Ապրիլի 15-ից ծրագիր ենք իրականացնում, արդեն 10 հա ծառատունկ ենք արել։ Ի դեպ, գիհիները ամեն տեղ չեն աճում, Գեղիի տարածքում պայմանները լավ են»,-համոզված է Կապանի անտառտնտեսության տնօրեն Վլադիմիր Միրզոյանը։ Անտառապահները գտնում են, որ անտառի թշնամին ու միաժամանակ պաշտպանը հենց մարդն է։ Բնությունը իր վնասները ինքն է փոխհատուցում, իսկ մարդունը՝ շատ ավելի դժվար է: Իսկ ամռան այս շոգ եղանակներին մեկ անգամ ևս հորդորում են` ավելի զգույշ լինել ու անտառային հրդեհների տեղիք չտալ։
Արմեն Դավթյան, Կապանի «Սոսի» Հ/Ը
Հուլիս 07, 2010
